«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի գրածը՝ կարդացեք մինչև վերջ

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական:

Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը:

Facebook սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»: Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. մի՞թե հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ մեկ կարծիք լսել: Հաճելին հաճելի է, բայց նաեւ` վախենալու…

Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել եւ հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս եւ ցանկացել եմ, շատ եմ ցանկացել լինել անբիծ: Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են:

Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ երբեք էլ չեմ կարողանա:

Հաջորդ պահին վախենում եմ, որովհետեւ նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար կարեւոր ինչ-որ բան է փնտրել եւ գտել իմ գործունեության մեջ: Նա ոգեւորվում է ինձնով, հպարտանում, հիանում եւ դրանից մի չնչին, բայց կարեւոր դրական լիցք է ստանում, գուցե եւ դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր: Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը:

Իսկ ի՞նչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանն այսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ: Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է թույլ տվել: Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ…

Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, որովհետեւ հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…

Հ.Գ. Նաեւ վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի:

Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010թ.

(Visited 1 518 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: