Բիլզերյանների ընտանիքը կարող է աջակցել Արցախի ճանաչման հարցում. Արցախի ՄԻՊ

Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից և տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին:

Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ աշխարհն ինչպես է կառուցված և կազմված, և ինչ տեղ ունի Արցախն այդ համայնապատկերում, ազդեցության ինչ հնարավորություններ կան միջազգային գործընթացների վրա:

«Կարևորն այն է, որ մենք հասկանանք, որ գործ ունենք մի մարդու հետ, ով հետևորդների մի մեծ շրջանակ ունի ոչ միայն շոու բիզնեսում, այլև՝ քաղաքականությունում: Նա ունի քաղաքական շրջանակներում լայն կապեր, չհիշեցնեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերը, և այստեղ պետք է դիտարկել ԱՄՆ-ում հանրապետական ուղղվածության մարդկանց շրջանակը: Մեր Սփյուռքի կառույցներն ավելի շատ առնչվում են Դեմոկրատ կուսակցությանը հարող շրջանակների հետ, իսկ մենք պետք է որոշակի աշխատանք տանենք նաև Հանրապետական կուսակցությանը հարող ուժերի հետ: Դա այնքան պարզ դասագրքային ճշմարտություն է»,- նշել է Մելիքյանը:

Նա նաև հիշեցրել է, որ Բիլզերյանների ընտանիքն ունի հայկական ինքնություն, և դա վերաբերվում է ոչ միայն Դենին, այլև նրա ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր կարող են աջակցել Արցախի ճանաչման հարցում: «Մենք ճանաչելիության խնդիր ունենք: Իմ պատկերացմամբ, այդ ընտանիքը պետք է ավելի շատ կապված լինի հայկական հարցին, այս պարագայում Արցախի ճանաչելիության հարցին:շ Եւ մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ձեռնարկել որոշակի քայլեր, խոսքը վերաբերում է Արցախի պետականությանը: Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ սկսվի պատերազմ, այդ մարդիկ կարձագանքե՞ն իրենց կապերով և հնարավորություններով, եթե երբևէ Արցախ եկած չլինեն ու սեփական աչքերով տեսած չլինեն»:

Նա նաև նշել է, որ օրինակ, Քիմ Քարդաշյանն այցելեց Հայաստան, բայց չեկավ Արցախ:

«Ես դրա համար շատ ցավում եմ: Թող բերեն նման կարևորության մարդկանց: Գիտեք, հիմա կյանքը փոխվել է, մարդկանց մտածողության վրա ազդեցություն չունեն, կամ շատ ավելի քիչ ազդեցություն ունեն ակադեմիոսները, տիեզերագնացները, մենք ունենք այլ իրավիճակ, որից պետք է օգտվենք: Մարդիկ կարող են ունենալ բեմական կերպար ու վարքագիծ, որը ամբողջությամբ կարող է ինձ համար էլ ընդունելի չլինի, բայց ո՞ր մեկս է սուրբ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: