Փաշինյան․ ՀՀ սահմանի երկայնքով ռազմական գործողությունների դեպքում կդիմենք ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին PAN.AM

PanARMENIAN.Net — Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին»:

«Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին», — ասել է վարչապետ Փաշինյանը։

Նա նաև ընդունելի էր համարել խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում Հայաստանի պատկերացումներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Понравилась статья? Поделиться с друзьями: