Հպարտանում եմ ձեր աչքերի մեջ տեսնելով հայի հպարտությունը. Ն. Փաշինյանը՝ վրացահայ համայնքին․տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրան դիմավորել են «Իմ քայլը» երգի հնչյունների ներքո, «Կեցցե՛» վանկարկումների ուղեկցությամբ, բուռն ծափերով, ողջույններով ու գրկախառնություններով:

Փաշինյանը համայնքի հետ հանդիպման ժամանակ կարճ ելույթ ունեցավ, խոսեց սիրո եւ համերաշխության հեղափոխության մասին. «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երեւանում, նաեւ ձերն է, դուք լիարժեք կրողն եք այդ հաղթանակի, դա եղել է ձե՛ր հայրենիքում, մենք զգացել ենք ձեզնից յուրաքանչյուրի զորակցությունը, ձեր ասած յուրաքանչյուր բարի ցանկությունը հասել է Երեւանի Հանրապետության հրապարակ: Բոլորիդ սիրում եմ միասին եւ յուրաքանչյուրիդ առանձին-առանձին:

Հպարտանում եմ ձեր կամքով ձեզանով, հպարտանում եմ` ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը։ Եվ հպարտանում եմ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններով, վստահ եմ, որ հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները` Հայաստանում: Մենք ծառայում ենք ժողովրդին, ու շատերի սպասած հիասթափությունները չեն լինելու:

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Վրաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-վրացական եղբայրությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները»,- ասել է նա։

Like this post? Please share to your friends: