Ինչպե՞ս և ո՞ւմ է Մաշա Մնջոյանը տարվել գրազը և ի՞նչ է պարտավորվել անել դրա դիմաց

Երգչուհի Մաշա Մնջոյանը գրազ է եկել երգահան, գործիքավորող Նիկ Եգիբյանի հետ եւ տարվել է գրազը: Դրա դիմաց նա պարտավորվել է կատարել «Աստված, ինձ մի ճամփա տուր» երգի քավեր տարբերակը:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Մաշան: «Ի դեպ, այդ ոճի եւս մեկ երգ պետք է քավեր տարբերակով ներկայացնեմ: Այնպես որ, դա դեռ ամենը չէ (ծիծաղում է): Իսկ մինչ այդ ես «Աստված, ինձ մի ճամփա տուր» երգի իմ կարճ տարբերակը տեղադրեցի համացանցում, եւ ինձ համար զարմանալի էր, որ հանրությունը շատ լավ ընդունեց այն, նույնիսկ պահանջեց, որ անմիջապես ներկայացնեմ ամբողջական վերսիան»,- անկեղծացավ Մաշան: Ի դեպ, նա ակտիվորեն ներգրավված էր Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներին եւ այդ շրջանակում մասնակցեց տոնական հինգ համերգի. «Ինձ դուր եկավ այն, որ հանդիսատեսն այդ օրը բավական ջերմ էր: Ի դեպ, բացի այդ ֆորմատի համերգներից հաճախակի «Երգ երգոց»-ում եմ ելույթ ունենում, այնպես որ երկրպագուները ինձ հետ հանդիպելու առիթներ կարող են ունենալ Հանրայինի այդ հարթակում»,- ասաց երգչուհին: Մենք հետաքրքրվեցինք՝ Մաշան առաջիկայում հանդես կգա արդյոք դուետով. «Այո, շուտով երկրպագուների դատին կհանձնեմ երկու նոր դուետ, բայց դեռ չեմ մանրամասնի՝ ում հետ: Բացի այդ՝ մի քանի տարի առաջ համագործակցություն եղավ ամերիկաբնակ ռեփեր Նովա Հեքիմյանի հետ, սակայն այդ պրոցեսը կիսատ մնաց, կանգ առավ:
Չի բացառվում, որ այն եւս հանգուցալուծում ստանա»,-պատասխանեց երգչուհին: Մենք նաեւ մի փոքր զրուցեցինք Մաշայի անձնական կյանքից: Հարցին, թե այդ «ճակատում» արդյոք կան փոփոխություններ, երգչուհին պատասխանեց. «Անկեղծ ասած՝ անձնականից խոսել չեմ ուզում, համենայն դեպս, թաքցնելու ոչինչ չունեմ: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, մարդիկ անպայման կիմանան այդ մասին»:

Անի Անտոնյան

Like this post? Please share to your friends: