Հայտնի ընտանիքում ամուսնացած զույգն իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցել են մեր հիմնադրամին

Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ արեց իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին:

«Կոչ եմ անում Հայաստանի բոլոր նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց, իրենց զարդերն ու արժեքավոր իրերը նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին։ Կարծում եմ՝ նրանք կհամարեն, որ այդ իրերի մի մասը նվիրաբերելով տիկին Համեստի ֆոնդին, կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին», – ասել էր Աննա Հակոբյանը:

«Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին»,- այս մասին այսօր մեր զրույցում ասաց Համեստ Ներսիսյանը՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը:

– Տիկին Համեստ, ինչո՞ւ որոշեցիք ստեղծել այդ հիմնադրամը:

– Հիմնադրամը որոշել եմ ստեղծել իմ տղայի` ինչպես նաեւ իր զինակից ընկերների համար, որպեսզի կառուցենք Արմենակ Ուրֆանյանի տուն-թանգարանը եւ ազգանվեր աշխատանքներ կատարենք երկրի, ազգի զինծառայողների համար:

– Ի՞նչ ծրագրեր եք նախատեսել իրականացնել փոխանցված գումարներով:

– Քանի որ ես Ապրիլյան պատերազմի հերոս որդեկորույս ծնողների կողքին եմ, տեսնում եմ իրենց խնդիրները, սոցիալական վիճակը, կասեմ, որ բարձիթողի վիճակ է: Ճիշտ է, բուն պատերազմի ժամանակ սփյուռքի հայությունը ֆինանսապես օգնեց, որպեսզի ծնողները այդ կարիքներն ու ծախսերը հոգան, բայց հետո արդեն բարձիթողի վիճակ եղավ, մարդիկ խնդիրներ ունեն: Քառօրյա պատերազմի տղաների համար որոշեցի, որ հենց մենք պետք է անենք` ծնողներով, որովհետեւ դա մեզ է ավելի շատ պետք: Ճիշտ է ազգին էլ է պետք, բայց եթե ծնողը չլինի, ուրեմն այդ հերոսը չի ապրի, ես այդպես հասկացա:

– Մենք տեղեկություն ունենք, որ հիմնադրամի գումարով ծրագրել եք մարտական դիրքերում ջրի հարց լուծել, դա ճի՞շտ է:

– Այո, Կանադայից մի բարերար` Խորեն Մարդոյանը, գալու է Հայաստան, մեծ ներդրում է անելու Հայաստանում, ես նրան ասացի՝ գոնե մինչեւ տղայիս դիրքերը ջուրը հասցնենք, նա ինձ ասաց՝ հետաքրքրվեք, թե ինչ արժե: Ես մի կազմակերպության դիմեցի, մեծ գումարներ ասացին, զայրացա բավականին եւ Խորենին ասացի, որ անհատ մարդու միջոցով փորձենք անել դա: Եւ մեր ազատամարտի տղաներն ու մեր զինվորներն էլ կօգնեն մեզ, որ ջուր քաշենք այդ դիրք: Կարծում եմ, որ դա հնարավոր է, ուղղակի մեծ գումար է եղել, դրա համար ՊՆ-ն չի արել մինչ այժմ, բայց արյան գնով էլ լինի, ես դա անելու եմ, անգամ եթե բարերարները չօգնեն, ես դա անելու եմ: Առաջինը ջրի հարցն է, հետագայում ինչ կարողանամ անելու եմ զինվորականների համար եւ հատկապես սպաների բնակարանների հարցով:

– Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց կոչ արեց, որ իրենց բոլոր զարդերն ու արժեքավոր իրերը նվիրաբերեն ձեր հիմնադրամին, այդ կոչից հետո արձագանքներ եղա՞ն:

– Այսօր ինձ զանգահարեց վարչապետի տիկնոջ օգնականը, ասաց՝ տիկին Համեստ, օլիգարխ ընտանիքի երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների` զարդերի գումարը փոխանցեն հիմնադրամին եւ ինձնից հաշվեհամար խնդրեց: Երեկ ինձ հարցրեցին՝ մինչեւ օրս արձագանք կա՞, ես ասացի՝ ոչ, բայց փաստորեն այսօր մի ընտանիք որոշել է իրենց նվերների գումարը նվիրատվություն անել հիմնադրամին: Հիմնադրամը թափանցիկ է աշխատում, ովքեր փոխանցեն, իրենց անուն ազգանուններով ամբողջությամբ լինելու է, որ ժողովուրդը տեսնի դա:

– Երկրի ղեկավարության վերաբերմունքը բանակի, որդեկորույս մայրերի նկատմամբ բավարա՞ր է:

– Ես կարծում եմ, որ ավելի ուշադիր պետք է լինեն: Օրինակ զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրը մի մասինը լուծվել է, մի մասինը մնացել է: Զոհվածները ասենք անչափահաս երեխաներ ունեն, բայց իրենց կյանքի ապահովության համար ոչինչ չի արվում:

– Դուք միացել եք վարչապետի տիկնոջ «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավին, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, որ այդ արշավը արդյունք ունենա:

– Դե, սկզբից Հայաստանում հաճախակի սեմինարներ կանենք` տարբեր բնագավառներում: Հետո, կարծում եմ, նաեւ բոլոր ահաբեկչական երկրներում էլ այդ կոչը հնարավոր է անենք:

– Ադրբեջանի կողմից արձագանք եղե՞լ է այդ կոչերին:

– Ճիշտն ասած՝ դեռ Ադրբեջանից մենք չունենք արձագանքներ: Բայց իրենք էլ են մայր, իրենք էլ ունեն այդ մայրական զգացողությունը, կապ չունի՝ հայ է, ադրբեջանցի է, մայր է վերջիվերջո:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հայտարարել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի մեկնարկի մասին` բոլոր կողմերին կոչ անելով անել առավելագույնը՝ թնդանոթները շրջանցելու համար: Այդ արշավին էին միացել նաեւ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ զոհված շուրջ 4 տասնյակ զոհված զինծառայողների մայրեր:

Աղբյուր՝ armtimes.com

Like this post? Please share to your friends: