Փաշինյանի հարցազրույցը տեղ է գտել Ֆրանսիական ամենաընթերցվող և ամենաշատ բաժանորդ ունեցող օրաթերթում

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիայում կայացած հարցազրույցը տեղ է գտել Ֆրանսիական ամենաընթերցվող և ամենաշատ բաժանորդներ ունեցող Le Monde օրաթերթում։

Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։ 

Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երևանում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության մեջ ամենից ազատը։ Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տնտեսական անկում։ Հակառակը՝ ցուցանիշներն ավելի շուտ դրական են. կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաև ավանդների տեսքով։ Մենք հաջողել ենք կյանքի կոչել դեմոկրատական կառավարման մի նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում։

Դուք ընտրվեցիք խորհրդարանի կողմից՝ ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշռում են Սերժ Սարգսյանի նախկին իշխանության պատգամավորները։ Արդյո՞ք դա տևական կարող է լինել։ 

Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում և՝ իմ։ Բայց նախկին ռեժիմը հարկադրված էր տեղի տալ։ Ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, և դա իսկական սև կետ է մեր քաղաքական իրականության համար։ Բայց պետք է դիտարկել իրավիճակն իր դինամիկայի մեջ։ Իմ ընտրվելուց քսան օր անց խորհրդարանը քվեարկեց կառավարության ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում։ Այդ որոշումը պիտի ի կատար ածվի, և եթե խորհրդարանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի։ Մեր ընդդիմախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ։ Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, և ժամանակն աշխատում է մեր օգտին։

Ձեր իշխանության գալուց ի վեր՝ դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին երեք անգամ։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վարել կատարելապես անկախ քաղաքականություն՝ իր դաշնակից Ռուսաստանի առումով։ 

Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի և երկրի շահերը։ Սա պարզ էր դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իմ առաջին զրույցներից, ով իր հարգանքը դրսևորեց մեր ազգային ինքնիշխանության և իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաև այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։

 

Like this post? Please share to your friends: