Ինչ պատրաստել չորացած հացից. 4 բաղադրատոմս

Բոլոր տնային տնտեսուհիներն էլ բախվում են հացամանում հավաքված չորացած հացն իրացնելու խնդրին:) Բոլորիս էլ հաճելի է ամեն օր տուն բերել թարմ ու անուշաբույր տաք հաց, բայց չորը դեն նետելուց առաջ մի վայրկյան մտածեք, թե ինչպես է այն ստեղծվել, ինչ տառապանքով: Իսկ Դուք այն թափում եք:
Առաջարկում ենք Ձեզ մի քանի բաղադրատոմս, որոնցով չորացած հացից կարելի է շատ համեղ ուտեստներ ստանալ:

Կարկանդակ չորացած հացով

Կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բատոն սպիտակ չորացած հաց, 2 խնձոր, 300 մլ կաթ, 1 ձու և 100 գրամ շաքարավազ: Հացը փոքր կտորների եք բաժանում, ու լցնում կաթի մեջ, բայց չեք պահում երկար, որ ուռչի: Հացի մի մասը լցրեք յուղած թավայի մեջ: Ավելացրեք վրան կտրատած խնձորի շերտը, ցանեք շաքարավազ, հետո նաև հացի մնացած մասը և դրեք վրան կարագի կտոր: Թխեք այն ջեռոցում, մոտ 25 րոպե 240 աստիճան ջերմաստիճանում:

Հացով մուս

Ձեզ պետք է 160 գրամ չոր հաց, 100 գրամ շաքարի փոշի, 20 գրամ ժելատին, 1 գրամ դարչին, 400 գրամ ջուր և մրգային օշարակ:
Ջրի մեջ լցրեք հացը, այնուհետև դարչինը, շաքարի փոշին, մրգային օշարակը և լավ խառնեք: Հետո պատրաստեք ժելատինը, այն բացեք սառը ջրով 1:4 հարաբերությամբ և թողեք 40 րոպե: Ժելատինը ջրային բաղնիքում հալեցրեք և ավելացրեք հացին: Ամբողջ մասսան մի լավ հարել, մինչև ուռուցիկ դառնա, լցրեք Ձեր նախընտրած կաղապարի մեջ և դրեք սառնարանում: Սառչելուց հետո կարող եք մատուցել ինչպես հյութի, այնպես էլ սերուցքի հետ:

Օմլեթներ հացից

Ձեզ անհրաժեշտ է 400 գրամ գարեհաց, 50 գարմ կաթ, 20 գրամ խմորիչ, 2 ձու, 30 գրամ բուսական յուղ, 60 գրամ շաքարի փոշի, 100 գրամ ջեմ կամ թթվասեր , աղ’ ըստ ճաշակի:
Չորացած հացը պետք է լցնել տաք կաթի մեջ: Լցրեք նաև շաքարավազը, աղը և խմորիչը, լավ խառնեք և թողեք տաք տեղում մոտ 2 ժամ խմորման համար: Ըստ ճաշակի կարող եք ավելացնել վանիլին, մանր կտրատած խնձոր կամ չամիչ: Հետո սովորական ձևով յուղի մեջ տապակեք օմլեթները: Ցանեք վրան շաքարի փոշի և մատուցեք թթվասերի կամ ջեմի հետ:

Կիսել չորացած հացից

Կիսել պատրաստելու համար անհրաժեշտ է 160 գրամ չորացած հաց, 60 գրամ չիր առանց կորիզների, 100 գրամ շաքարի փոշի, 20 գրամ օսլա, 0.5 գրամ դարչին: Լցրեք հացը 3 բաժակ ջրի մեջ և թողեք՝ եփվի: Երբ այս զանգվածը սկսի հովանալ, ավելացրրեք շաքարի փոշին և չիրը, եփեք, մինչև չիրը փափկի: Ավելացրեք նաև օսլան և ջրով բացած դարչինը և թողեք՝ եռա: Երբ հովանա, կիսելը արդեն պատրաստ է: Կարող եք մատուցել պաղպաղակի կամ սերուցքի հետ:

Like this post? Please share to your friends: