Ահա թե ինչու են «Վահագնի» թաղամասում հրաժարվել՝ տանիք տրամադրել Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը շարունակում է «անօթեւանի» կարգավիճակում մնալ եւ աջ ու ձախ ընկած իրեն հարմար առանձնատուն է փնտրում: Սերժ Սարգսյանի ընտրած տունը պետությունն անհատույց պետք է տրամադրի նրան կամ գնի, եթե այն պետության հաշվեկշռում չի գտնվում:

Սերժ Սարգսյանը պետության հաշվեկշռում առկա առանձնատները ուսումնասիրելուց հետո այժմ էլ մասնավոր սեկտորում է սկսել տուն փնտրել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակիցներն օրերս նրա համար առանձնատուն են փնտրել «Վահագնի» թաղամասում: Սակայն Սարգսյանը մեկ նախապայմանով է ցանկություն հայտնել այնտեղ տեղափոխվել եւ բնակության հաստատել: Բանն այն է, որ նա ուզում է այն առանձնատունը, որը կգնի իր համար պետությունը, նաեւ պարսպապատվի եւ առանձնացվի թաղամասում առկա մյուս առանձնատներից: Նրա գրասենյակի աշխատակիցները «Վահագնի» թաղամասը տակն ու վրա անելուց հետո գտել են այնպիսի մի առանձնատուն, որը գտնվում է թաղամասի անկյունային հատվածներից մեկում: Ցանկության դեպքում այն կարելի է ցանկապատել, սակայն «Վահագնի» թաղամասի ադմինիստրացիան մերժել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ներկայացուցիչների նման պահանջը՝ նշելով, որ դա թաղամասում սահմանված կարգի կոպիտ խախտում է:

«Հայկական ժամանակ»-ին «Վահագնի» թաղամասի վաճառքի բաժնից փոխանցեցին, որ հնարավոր չէ թաղամասի որեւէ հատվածում առանձնատունը պարսպապատել:

«Պարսպապատելը լրիվ արգելված է: Տունն ում համար ուզում է լինի՝ մեզ մոտ պարիսպ կառուցելը լրիվ արգելված է»,- ասաց վաճառքի բաժնի Արշալույս անունով աշխատակիցը:

Նա նշեց, որ մի քանի առանձնատներ կան, որոնք գտնվում են թաղամասի անկյունային հատվածներում: Մեզ առաջարկեցին հստակ նշել, թե որ տան մասին է խոսքը, որպեսզի կարողանան հիմնավոր ներկայացնել, թե ինչու չի կարելի այն պարսպապատել: Միաժամանակ վաճառքի բաժնից փոխանցեցին, որ վերջին շրջանում, մասնավորապես, մեկ շաբաթվա ընթացքում եղել է առաջարկ առանձնատունը գնելու եւ այն պարսպապատելու հետ կապված: «Վահագնի» թաղամասից չմանրամասնեցին, թե ովքեր են նման առաջարկությամբ հանդես եկել, քանի որ, ըստ նրանց, դա համարվում է գնորդի անձնական տվյալների հանրայնացում է:

Սերժ Սարգսյանի գրասենյակից այս տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել, քանի որ գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի գրասենյակից «Վահագնի»-ի թաղամասում առանձնատուն գնելու շուրջ քննարկումներ չեն եղել: Սերժ Սարգսյանի գրասենյակից այս տարբերակի շուրջ կառավարությանը որեւէ բան չեն առաջարկել հավանաբար այն պատճառով, որ «Վահագնի» թաղամասից մերժել են պարիսպ կառուցելու նրանց ցանկությունը:

Մեր հարցին, թե որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել պետական բյուջեից Սերժ Սարգսյանի բնակարանի համար, ՀՀ կառավարությունից պատասխանեցին, որ հարցը քննարկումների փուլում է:

armtimes.com

Like this post? Please share to your friends: