Արցախում «Ղարաբաղ տելեկոմ»-ի մենաշնորհը վերանալո՞ւ է. հուլիսի 1-ից սակագները կիջնեն

Ժամանակ օրաթերթը գրում է․

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Արցախի Հանրապետությունում բջջային կապի միակ օպերատոր՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ից պահանջելով վերջ տալ թալանին եւ վերանայել գնային քաղաքականությունը:

Ակցիայի նախաձեռնողները նշում էին, որ դա զուտ քաղաքացիական նախաձեռնություն է, եւ ամեն բան արվելու է օրենքի սահմաններում։ Նրանք երթ իրականացրեցին Հադրութի Ազատության հրապարակից՝ շարժվելով դեպի «Ղարաբաղ տելեկոմ»-ի մասնաշենք:

Արցախցիները ընկերության տնօրենին ուղղված գրավոր պահանջ են ներկայացրել՝ հունիսի 5-ից Արցախում էլ սահմանել Հայաստանի Հանրապետությունում մատուցվող կապի որակն ու գործող սակագները, բացառել ՀՀ-ի ու Արցախի միջեւ ռոումինգի առկայությունը:

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կարեն Գրիգորյանը պատասխանել է ՀԺ-ի հարցերին:

– Պարոն Գրիգորյան, մայիսի 29-ին Արցախի քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել՝ բջջային կապի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ից պահանջելով վերանայել գնային քաղաքականությունը եւ բացառել ՀՀ-ի ու Արցախի միջեւ ռոումինգի առկայությունը, դուք որպես կապի բաժնի պետ, ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ եք խնդրի լուծման համար:

– Քայլեր ձեռնարկվել են, այո` սակագների հետ կապված, որպեսզի գները իջնեն:

– Հնարավոր չէ՞ ռոումինգը վերացնել Հայաստանի հետ:

– Մենք էլ ենք ասել, որ «097» կոդը, որը «Ղարաբաղ տելեկոմ»-ը օգտագործում է, դա Հայաստանի կոդն է: Մենք նույն խոսակցությունը իրենց հետ տարել ենք՝ նշելով, որ ինչպե՞ս կարող է մի հանրապետության տարածքում նույն կոդն օգտագործելու ժամանակ օգտագործվի նաեւ ռոումինգ:

– «Ղարաբակ տելեկոմ» ՓԲԸ ղեկավարության հետ եք քննարկե՞լ այդ հարցը:

– Այո, այդ գործով արդեն զբաղվում է մեր հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակությունը կարգավորող պետական հանձնաժողովը: Իրենք հիմա արդեն պայմանագիր են կնքում, որպեսզի սակագների հետ կապված հարցը մինչեւ հունիսի սկիզբ լուծվի:

– Ինչքա՞ն կիջնի սակագինը:

– Հիմա տեղեկություն չունեմ այդ մասին:

– Այսինքն, հունիսի սկզբին սակագներն իջնելու են, սակայն ռոումինգի վերանալու հետ կապված հարցը դեռ չի՞ լուծվելու:

– Այո, վերանալու մասին դեռ խոսք չկա, այդ հարցը պետք է պետական բարձր մակարդակով լուծվի:

Թե ինչքանո՞վ են իջնելու «Ղարաբաղ տելեկոմ»-ի սակագները՝ մանրամասնեց Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արեւիկ Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ արդեն հաստատված է, եւ հուլիսի 1-ից սակագներն իջնելու են՝ հավելելով, որ սեպտեմբերից նույնպես սպասվում է սակագների իջեցում:

Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի ներկայացրած փոփոխությունների ցանկը, որը հուլիսի 1-ից տեղի կունենա:

ԼՂՀ բջջային հետվճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 34 դրամը կդառնա 32 դրամ:

ԼՂՀ բջջային կանխավճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 40 դրամը կդառնա 38 դրամ:

ԼՂՀ բջջային հետվճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 36 դրամը կդառնա 34 դրամ:

ԼՂՀ բջջային կանխավճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 44 դրամը կդառնա 43 դրամ:

ԼՂՀ կանխավճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներ ՍՄՍ ուղարկելը նախկին 15 դրամի փոխարեն կարժենա 12 դրամ:

ԼՂՀ հետվճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներին ՍՄՍ ուղարկելը նախկին 15 դրամի փոխարեն կարժենա 12 դրամ:

Բացի սրանից հարցի վերաբերյալ Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ղարաբաղ տելեկոմ»-ի մենաշնորհը շուտով կվերանա, քանի որ Արցախի պետական նախարարը` Արայիկ Հարությունյանը, դիմել է ՀՀ 3 բջջային օպերատորներին՝ Արցախում եւս կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով»:

«Քիչ առաջ ավարտվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսը: Ընդհանուր առմամբ նշեմ կարեւոր ուղերձները՝ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում եւս կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով:

Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչեւ տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ», – գրել է Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Like this post? Please share to your friends: