«Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն». Նիկոլ Փաշինյան

Ելույթ ունենալով Շենգավիթում՝ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ: Դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի Ադրբեջանն, ինչքան էլ հսկողության տակ լինի ազատ մամուլը, սոցցանցերը, այնուամենայնիվ, երկու ամիս է՝ նրանց ժողովուրդը հարց է դրել՝ ինչու է ՀՀ վարչապետի որդին ծառայում բանակում, իսկ քոնը՝ ոչ: Ադրբեջանի ղեկավարի որդին հասկանում էր, որ եթե ինքը սրի իրավիճակը, ինքը գիտի՝ զոհվելու են հասարակ ադրբեջանցիներն ու իր որդուն ոչինչի չի պատահի: Վերջին երեք օրերին ՀՀ զինված ուժերն ստիպված են եղել խոցել 3 Ադրբեջանցի զինվորի: Եվ դա ոչ թե նրա համար, որ մեծ հաճույք է պատճառում: Այլ որովհետև Ալիևի հրամանով կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա: Եվ նրանց կրակակետերը լռեցնելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է: Ամեն անգամ, երբ որ Ալիևը հոխորտում է Հայաստանի հասցեին, նա ճանապարհ է բացում հազարավոր մայրերին դժբախտացնելու համար:

Բայց Ալիևն իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը, Նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Իմ որդին կամավոր մեկնել է Արցախ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը դարձել են մեկ տուն, և կապ չունի՝ որիս երեխային ինչ կպատահի:

Եվ հիմա եթե Ալիևը գնում է ճակատելու, ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին ծառայի սահմանագոտում: Տեսնենք՝ այդ ժամանակ էլ նա իրեն նման լկտի ձևով կպահի:

Նրան չի հետաքրքրում իր երկրի զինվորը, նրան միայն հետաքրքրում են իր միլիարդները: Որևէ ադրբեջանցի չպետք է մտածի, թե Ալիևը մտածում է իր հայրենիքի մասին: Նա միայն մտածում է իր թալանածը պահպանելու համար: Որևէև ադրբեջանցի ծնող մեզ չի կարող մեղադրել, որովհետև մենք հակագործողության դիմում ենք միայն այն պարագայում, երբ այլևս հնարավոր չէ համբերել:

Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն»:

Like this post? Please share to your friends: