Թավշյա հեղափոխությունից հետո էլ են գողացել. Սանասարյանը նոր բացահայտումներ է խոստանում

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կոռուպցիոն նոր բացահայտումներ ներկայացրեց։ Ուսումնասիրվել են պետական 6 հիմնարկներում կատարված չարաշահումները։

Անցած 100 օրվա ընթացքում ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկրինվեստ» ընկերությունում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում և Ագրարային համալսարանում։

Բայց մինչ իրավապահները որոշ տեղեկություններ կհայտնեն այս կառույցներում կատարված բացահայտումների մասին, Դավիթ Սանասարյանը լրագրողներին պատմեց, թե ինչ են իրենք հայտնաբերել` առանց մեղավորների կամ կասկածյալների անուններ նշելու։«ԲԷՑ-ում մենք հայտնաբերեցինք, որ ածելիով քերել էին տրանսֆորմատորների վրա գրված արժեքներն ու գրիչով նորից գրել։ Մի տրանսֆորմատոր էլ 12 միլիոն դրամով լիկվիդացրել էին` գրելով, որ այն վերանորոգման ենթակա չէ։ Բայց մենք ոստիկանների հետ գտանք այդ տրանսֆորմատորը «Միկմետալում» աշխատելիս»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Ստուգումները բացահայտել են նաև, որ ընկերության տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել է ԲԵՑ-ի միջոցներով, աշխատակիցների ուժերով։ Թե ով, Դավիթ Սանասարյանը չասաց` այդ պարտականությունը թողնելով քննչական մարմիններին։Բայց սա դեռ ամբողջը չէ։ Չարաշահումներն այստեղ շուրջ 140 մլն դրամ են գնահատվել, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե։ Իսկ միջազգային կապալառու ընկերության պայմանագիրն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ պայմանագրի արժեքն ուռճացված է, և այն պետք է իջեցվի 1.5 մլն դոլարով։

«Լուսանշան» ՊՈԱԿ-ում ուսումնասիրվել է 2014-18 թթ-ի աշխատանքը։ Արդյունքում նախկին տնօրենները պատրաստակամություն են հայտնել բյուջե վերադարձնել 210 մլն դրամ։
Իսկ «Լուսանշանի» լուծարումից հետո աշխատանքը շարունակած «Ուկրինվեստ» ընկերության ընտրանքային կարգով արված ուսումնասիրությունը պարզել է, որ 5 փողոցներից 3-ում գծանշումներ արված չեն, բայց գրված է եղել, որ արված է, ոստիկանությունն էլ ընդունել է արված աշխատանքը։«Ոստիկանությունը չարված գործը ստորագրել էր որպես արված։ Կլինի ծառայողական քննություն, և սա, ըստ էության, քրեական գործ է»,- լրագրողներին խոստացավ Սանասարյանը` հավելելով, որ այս ընկերությունում խախտումները կատարվել են նաև թավշյա հեղափոխությունից հետո։

Նյութը՝ armeniasputnik.am-ի

Like this post? Please share to your friends: