Ինչ են գողացել Մանվել Գրիգորյանի հայրական տնից

Operativ.am-ը գրում է․

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13.00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու հանգամանքից՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու եղանակով մուտք են գործել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ներկայում կալանավորված Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն, խառնել են տան իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Հունիսի 28-ին ահազանգ է ստացվել նաև Էջմիածին քաղաքի տներից մեկից կատարված գողության վերաբերյալ։ Ըստ բնակչուհու ահազանգի՝ 2018թ. հունիսի 27-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տան հետնամասի եվրոպական արտադրության դուռը և դռան ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել իրենց տուն և հափշտակել տարբեր իրեր՝ արևային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, ինչպես նաև որդուն՝ Ա.Գրիգորյանին պատկանող որսորդական հրացանը և դրա վերաբերյալ փաստաթղթերը։ Նախնական տվյալներով՝ բնակչուհուն պատճառվել է 13 միլիոն 310 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: