Խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը վտանգված է. սուպերմարկետները դիմում են վարչապետին

Ժամանակ օրաթերթը գրում է․

Խոշոր մթերային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը հայտնվել է ռիսկի տակ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ եւ գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով եւ վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է եւ հիմա պահանջում է եւս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:

Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաեւ թե առեւտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի՝ առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։

«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան, 

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան,

«Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան,

«Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթեւ Պետրոսյան,

«Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան,

«Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան,

«Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան,

«Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով,

«Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան,

«Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան,

«Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գեւորգյան»։

Like this post? Please share to your friends: