Կարևոր փոփոխություն՝ անձնագրային համակարգում

Operativ.am-ը գրում է․

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարևոր փոփոխություն՝ անձնագրային համակարգում.

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը:

Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ և նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը:

Ինչ Է սպասվում.

-մշակվում է ծրագրային լուծում, համաձայն որի տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով,
-տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում,
-լինելու են մի քանի տեղեկանքների ձևեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին),
-արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով»:

Like this post? Please share to your friends: