Կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին ազատել են ծառայությունից. ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել.News.am

News.am-ը գրում է․

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում՝ բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Վերջինները կաշառքի դիմաց կազմակերպել եւ իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Գործող սխեմայում մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, մինչեւ 14.000 դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետեւ նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը:

Կոլյա Քոսակյանին եւ նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա եւ նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը:

Դեպքի առիթով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաեւ, որ Կոլյա Քոսակյանը, հերթական ապօրինի գործարքն իրականացնելով, համաձայնության է եկել իր ծանոթ, Հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ-ի հետ, իսկ վերջինը պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանի հետ՝ 11.000 դոլարի դիմաց ՀՀ քաղաքացի Ն.Ա-ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Գումարը ստանալուց հետո Գարիկ Առաքելյանը խոստացել է հարցը լուծել, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը»), Գարիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») և Արամայիս Սանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի («Խոշոր չափերով կաշառք ստանալը») և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցներ` առնչակից անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Վերոհիշյալ անձանց և Կոլյա Քոսակյանի «ծառայություններից» օգտված քաղաքացիներին առաջարկում ենք դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը (հեռ.՝ 010-57-93-12), ինչը հաշվի կառնվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Like this post? Please share to your friends: