Համակարգը կաթվածահար է. Նիկոլ Փաշինյանն ուժեղ քայլ է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղիղ եթերում կարեւոր հայտարարություններ է արել դատական համակարգի մասին:

Ինձ զեկուցում են, որ դատական համակարգը կաթվածահար է, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կաթվածահար է, որովհետեւ սովորել է վերեւից ցուցումներով որոշումներ կայացնելուն:

Այսուհետ Բաղրամյան 26-ից ու առհասարակ որեւէ այլ տեղից դատավորներին հրահանգներ չեն տրվելու, ասել է նա:

Եթե դատավորներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, թող սովորեն որոշումներ կայացնել, այդ թվում ձերբակալության բազմաթիվ որոշումների համար, ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ մտադիր չէ անցնել կարմիր գիծը եւ ցուցումներ տալ դատավորներին: Թող դատավորներն ինքնուրույն որոշումներ կայացնեն եւ պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար:

Դրա համար պետք է որոշումներ կայացնել օրենքին եւ իրավունքին համապատասխան: Միայն այդպես կարող է անկախ դատական համակարգ կայանալ:

Սա քայլ է, որը կարող է փոխել դատական համակարգը: Դրա թեստը կլինեն Սասնա ծռերի եւ մյուսների գործերը, որոնք ձերբակալվել են ու պատիժ են կրում քաղաքական տարրեր պարունակող գործերով:

Դատավորները պետք է որոշում կայացնեն՝ արդյոք պետք է փոխել Սասնա ծռերի խափանման միջոցը, վերանայել այլ բանտարկյալների գործերը:

Դատավորները ստիպված են լինելու ծանր որոշումներ կայացնել կամ էլ խոստովանել, որ ի վիճակի չեն այդպիսի որոշումներ կայացնել եւ ինքնաբացարկ հայտարարել. գրում է Lragir.am-ը:

Like this post? Please share to your friends: