Հայտնի է,թե որքան գրավի դիմաց ազատ կարձակվի Սերժի Վաչոն.Վճիռը կայացված է

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) փաստաբան Արմեն Հարությունյանը։

Արմեն Հարությունյանն, ըստ էության, չսպասեց հարցի ավարտին․

«Այո՛, այո՛, այո՛, որոշվել է 1 մլրդ գրավի դիմաց Վաչագան Ղազարյանին ազատ արձակել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է քիչ առաջ (Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կողմից-հեղ․) և դեռևս գումարը չի վճարվել:

Ճշտող հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Վաչագան Ղազարյանն այդքան գումար վճարել ազատության համար, թե՞ հնարավոր է՝ կրկին բողոքարկի գրավի չափն իջեցնելու համար, Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել․

«Վճիռը կլինի մեր ձեռքին՝ կորոշվի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մինչ այդ, պաշտպանական կողմը բողոքարկել էր Վաչագան Ղազարյանին կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը և պահանջել ազատ արձակել նրան:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Like this post? Please share to your friends: