«Հանրապետականներն ինձ համար մեռած են, չեմ էլ ուզում լսել, թե նրանք ինչ են ասում». դերասանուհի Տաթև Հովակիմյան

«Հեշտ է քննադատել ու ասել՝ նոր կառավարությունը այս չարեց, այն չարեց, բայց 100 օրվա ընթացքում չէր էլ կարող հասցնել կառուցել քանդված երկիրը: Ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքին, եւ ինձ դուր է եկել վարչապետի ելույթը: Ուրախ եմ, որ կառավարության կազմում շատ երիտասարդներ կան, որոնք, կարծում եմ, Փաշինյանի ձեռքի տակ չեն փչանա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը:

Ինչ վերաբերում է հանրապետականների կողմից հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված մեսիջները քննադատելուն, դերասանուհին նշեց. «Հանրապետականներն ինձ համար մեռած են, չեմ էլ ուզում լսել, թե նրանք ինչ են ասում: Նրանք քննադատում են, օրինակ, Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Փաշինյանի ծրագիրը, բայց ի՞նչ են ուզում, որ այդ Սահմանադրությունը ծառայի իրենց շահերի՞ն: Իսկ ներկայումս հենց այդպես էլ կա»: Տաթեւի խոսքով՝ Փաշինյանը խոսում է ժողովրդի անունից: Նա ողջունելի է համարում Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությունը. «Չէ՞ որ դատական համակարգը տարիներ շարունակ ծառայել է հանրապետականներին, եթե արդարություն չհաստատվի, կունենանք այն պատկերը, որն ունեցանք օրեր առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց»,-շեշտեց դերասանուհին: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի եւ ներկայիս կառավարության կողմնակիցներն ամենեւին էլ մեծամասնություն չեն կազմում, մեր զրուցակիցը նկատեց. «Սերժ Սարգսյանն էլ էր համարում, որ այդ մարդիկ բնակչության 7 տոկոսն են կազմում, բայց վերջում խոստովանեց, չէ՞, որ ինքը սխալ էր, Փաշինյանը՝ ճիշտ: Հիմա ամեն մեկն իր ուզած թիվն է կրակում, բայց ժողովուրդը գիտի՝ ներկայիս իշխանության կողմնակիցները մեծամասնություն են, թե ոչ: Ինչ վերաբերում է Քոչարյանին, նա գիտակցում է, որ շուտով հայտնվելու է ճաղերի ետեւում, պարզապես մեծ ցանկություն ունի հայտնվել այնտեղ՝ որպես քաղբանտարկյալ»:

Աննա Բաբաջանյան 

armlur.am

Like this post? Please share to your friends: