ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։

Այդ մասին yerkirmedia-ի թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան yerkirmedia-ի թղթակցի այն հարցի, թե ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

Աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, եւ շեշտել են, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

Like this post? Please share to your friends: