ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը չեն լսել. ահազանգ զինծառայողի հարազատից

«Հայկական Ժամանակ»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել քաղաքացի Արմեն Կարապետյանից: Կարապետյանը նշեց, որ այսօր խոսել է իր բարեկամի հետ, որը ծառայում է Արցախի ՊԲ N զորամասում, եւ նրա խոսքով՝ այնտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը չեն լսել եւ զինծառայողներին հիգիենայի պարագաներ չեն տրամադրում:

«Զանգել ենք ձեզ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ցանկացած անօրինական բան նկատելու դեպքում տեղեկացնենք լրատվամիջոցներով», — նշեց Կարապետյանը:

Մեր հարցին, թե ընդհանրապե՞ս չեն տրամադրում, թե ուղղակի քիչ են տրամադրում, Կարապետյանը պատասխանեց, որ ընդհանրապես չեն տրամադրում: Կարապետյանը մեզ նաեւ փոխանցեց, որ իր բարեկամը առաջնագծում ծառայող է: Նա նաեւ նշեց, որ առհասարակ ոչինչ չեն տրամադրում՝ ոչ զուգագուլպա, ոչ անդրավարտիք, ոչ անթեւ շապիկ: Իսկ հագուստը տրամադրում են 8 ամիսը մեկ, նախատեսված 6-ի փոխարեն: Կարապետյանի խոսքով՝ այս ամենի պատճառով ծնողները նորից շարունակում են հիգիենայի պարագաներ եւ հագուստ գնել, որպեսզի ուղարկեն իրենց երեխաներին:

Հարցի վերաբերյալ պարզաբանում փորձեցինք ստանալ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից: Մենք նշեցինք, թե որ զորամասի մասին է եղել ահազանգը, ինչին ի պատասխան Հասրաթյանը ասաց. «Խնդրում եմ՝ անուն ազգանունը, տվյալները, բոլոր գրեք, մենք կհետաքրքրվենք»:

Մեր դիտարկմանը, թե բարեկամն է ահազանգել եւ անուն ազգանուն տրամադրել չենք կարող, Հասրաթյանը արձագանքեց. «Ես չգիտեմ անուն ազգանունը, ի՞նչ պատասխան եք հիմա ինձնից ակնկալում»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր էր նման բան, Հասրաթյանը բացասական պատասխան տվեց՝ մեկ անգամ նշելով, որ եթե փաստ կա, նման տվյալներ կան, կարող ենք ներկայացնել, ինչից հետո քննություն կտարվի, կհետաքննեն եւ պատասխանները կտան:
աղբյուր

Like this post? Please share to your friends: