Հրատապ. Ադրբեջանը սպառնում է հարվածել ՀՀ ատոմակայանին

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հայտարարությունը, որ ղարաբաղյան զինուժը հարկ եղած դեպքում կարող է հարվածել Մինգեչաուրի հէկ-ին եւ լուրջ վնաս հասցնել հակառակորդի ենթակառուցվածքներին ու ռազմական ներուժին, լայնածավալ քննարկումների տեղիք է տվել ոչ միայն ադրբեջանական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում, այլեւ իշխանության ամենաբարձր օղակներում: Հակառակորդի ռազմական գերատեսչություը, մասնավորապես, տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ Լեւոն Մնացականյանի հայտարարությունը որակված է «անպատասխանատու»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է ցրել սեփական հանրության տագնապները եւ հայտարարել, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է կանխել ցանկացած սպառնալիք, իսկ արտադրական եւ ռազմական նշանակության օբյեկտները «հուսալիորեն պաշտպանված են»: Միաժամանակ, Բաքվում նպատակահարմար են գտել կոպիտ սպառնալիքներ հնչեցնել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հասցեին: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, ի մասնավորի, սպառնում է «հարվածել այնպիսի օբյեկտների, որ հարյուրավոր տարիներ կյանքը դադարի»:

Ակնհայտ է, որ հակառակորդ կողմը նկատի ունի ՀԱԷԿ-ը, որովհետեւ միայն միջուկային աղետի դեպքում է, որ հարյուրավոր տարիներ տեղանքը վերածվում է անմարդաբնակ տարածքի: Հարկ է միջնորդ երկրների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արցախի պաշտպանության նախարարի հայտարարությանը պատասխանելիս Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին:

Եւ դա այն դեպքում, երբ Բաքվից բազմիցս ամենաբարձր մակարդակի հայտարարություններ են հնչել, որ հավանական պատերազմը «ծավալվելու է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում», որ ադրբեջանական կողմը Հայաստանին «հարվածելու մտադրություն չունի»: Ինչպես ապացուցում է հակառակորդի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, Բաքվում ծրագրվել է Հայաստանին հրթիռային հարվածներ հասցնելու գործողություն, եւ հավանական թիրախներից է նաեւ ՀԱԷԿ-ը:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

 

Like this post? Please share to your friends: