«Ձեր ամուսնու ղեկավարած հիմնարկում բորբոսի պես աճել են ղեկավար աշխատանքից կիլոմետրով հեռու մարդիկ». բաց նամակ վարչապետի կնոջը

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որում մասնավորապես ասված է.
2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, եւ ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի այդ վայրում եւ նունիսկ փոքրիկ հարցազրույց եմ վերցրել Նիկոլից:
Այդ օրերին այդ հրապարակում խաղում էին Մարիամն ու Աշոտը (վերջինս հեծանիվ էր քշում), իսկ Դուք հղի էիք երրորդ երեխայով: Նայելով Ձեզ՝ ես հիացմունքով մտածում էի, թե որքան զրկանքների միջով եք անցնում Դուք՝ որպես կին եւ մայր, որպեսզի հասնեք բաղձալի հաղթանակի եւ արդարության:
Ձեր պայքարն ի վերջո հաղթանակով պսակվեց, բայց արդյոք հաստատվեց արդարություն:
Ես չեմ կարծում, թե Դուք զրկանքների Ձեզ ենթարկեցիք, հրապարակ-ընդհատակ-բանտ-դատարան-խմբագրություն ծանր շղթայի միջով անցաք այն բանի համար,որպեսզի այսօր Ձեր հաղթանակած ամուսնու ղեկավարած հիմնարկում բորբոսի պես աճեն վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները՝ ղեկավար աշխատանքից կիլոմետրով հեռու մարդիկ:
Ես այն մտքին չեմ, որ Դուք դժվարին ուղի անցաք, որպեսզի ներկայիս կառավարության վարչությունների պետերն իրենց ենթականերին վախեցնեն ԿԳԲ-ով՝ «եթե մի բան իմանաս պետական միջոցների յուրացման մասին ու չասես՝ քեզ բռնել կտամ» խորագրով:
Ես չեմ ուզում հավատալ, որ Դուք մաքառել եք այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատացնել նրան 14-15 ժամ, իսկ այն մարդկանց,ովքեր հղում են անում օրենքին,անվանում են «հանրապետական» ՝ պիտակավորելով եւ սեւացնելով:
Տիկին Հակոբյան: Սիրելի Աննա:
Մինչ Ձեր ամուսինը՝ ժողովրդի վարչապետը, լարված աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ, մեկնում Արցախ, Մոսկվա, ԱՄՆ, Տաջիկստան եւ այլուր, պաշտպանում մեր հայրենիքի շահերը, շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»՝ այդպիսով ստվեր գցելով Նիկոլի կատարած ողջ աշխատանքի վրա:
Հասկանում եմ, որ բոլորին հսկելն անհնար է, բայց ասեք վարչապետին, որ գոնե երբեմն-երբեմն քայլի շենքում եւ մտնի կաբինետներ: Այնտեղ մարդիկ հաճախ ճնշված ու անտեսված են:
Ինձ,իհարկե, Նիկոլն այլեւս չի տեսնի, քանի որ վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները ինձնից արդեն ազատվել են՝ զրկելով աշխատանքից: Նրանց համար միեւնույն էր, որ ես երիտասարդ այրի եմ՝ յոթամյա երեխան ձեռքիս: Նրանց համար ավելի էականն այն էր, որ ես ունեմ հեռավոր ազգականներ՝ ՀՀԿ-ին անդամակցած եւ պետք էր ինձ ներառել «վհուկների որս» ազգանվեր ծրագրում:
Ինչեւէ:
Եվրամիությունը ցանկանում է առևտուրը ընդալայնել և աջակցել ՀՀ կառավարությանըԳուցե վերոնշյալ անձինք եւս Նիկոլի հետ ճանապարհ են անցել , բայց պետություն ղեկավարել նրանք չեն կարողանում: Նույնն է, թե դեղձանիկը լավ թռչուն է, սիրուն, երգեցիկ, բայց նրան ձիու նման չես կարող լծել կառքին: Ինչքան էլ փորձես լծել,կամ դեղձանիկը կսատկի, կամ էլ եթե կենդանի մնա, միեւնույն է՝ կառքը չի շարժվի:
Աննա ջան:
Ես Ձեզ սրտանց մաղթում եմ, որ Նիկոլի կողքի խաժամուժը այլեւս չմթագնի նրա եւ Ձեր երազանքները՝ կապված մեր հայրենիքի հետ:

Ես արդեն հիասթափվել եմ: Չեմ ուզում, որ հիասթափվեն նաեւ հրապարակի այն հարյուր հազարները: Ես, թերեւս, միայն հոդվածներ գրելով պայքարեմ, բայց այդ հազարներն իրենց բնութով ագրեսիվ են, հոդված գրելով չեն բավարարվի:
Լավ եղեք եւ բարին ընդ Ձեզ», — եզրափակելով խոսքը՝ գրել է Ն. Գրիգորյանը:

Like this post? Please share to your friends: