Մանվել Գրիգորյանի գործով կան այլ կասկածյալներ եւս,աղմկահարույց բացահայտումներ․ գլխավոր դատախազ․«Ժամանակ»

Ժամանակ օրաթերթը գրում է․

Հայաստանում վերջին զարգացումների համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է համարում ինչպես նոր, այնպես էլ նախկինում արված եւ չբացահայտված որոշ հանցագործությունների բացահայտման հավանականությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դա պայմանավորեց նրանով, որ այդ հարցում զգում են հանրության ավելի լայն աջակցություն:

«Վարույթ իրականացնող մարմինները իրենց գործառույթը միշտ իրականացրել են այնպես, ինչպես իրականացնում են այսօր: Այլ բան է, թե այդ վարույթի շրջանակներում որքանով է հաջողվել տեղեկատվություն ստանալ: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքացիները նախկին վարույթների շրջանակներում հարցաքննվել են եւ չեն համագործակցել, չեն տվել իրենց հայտնի տեղեկությունները կամ նյութերը, իսկ այսօր պատրաստակամ են հայտնել իրենց տեղեկություններն ու տրամադրել նյութերը»,- ասաց Դավթյանը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ քաղաքացիները սկսել են ավելի լայն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, Դավթյանը պատասխանեց.

«Կարծում եմ սրա բացատրության իրավական մեխանիզմը չկա, բայց բոլորիդ քաջ հայտնի է՝ հանրային մասնակցությունը, հանրային ակնկալիքներն այս բացահայտումներից վերջին զարգացումներով պայմանավորված մեծացան, եւ հանրությունը գնահատեց, որ ինքն այդ գործընթացի մասնակիցը պետք է լինի»:

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով կան այլ կասկածյալներ եւս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այս պահին կան անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է: «Մեր ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին»,- նշեց նա:

Նա հավելեց, որ նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաեւ Մանվել Գրիգորյանի կինը, Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: