«Մարդիկ այդ գումարները իրենց ընտանիքի վրա կծախսեն»

«Մեդիա կենտրոն», Երևան: ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:

ՀՀ ոստիկանությունից միաժամանակ տեղեկանում են, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները:

Մայիսի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Վարորդներին որոշ խախտումների դեպքում  չտուգանելու և նախկին տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները» թեմայով քննարկման ընթացքում «Վարորդի ընկեր» հկ նախագահ Տիգրան Քեյան կարծիք հայտնեց, որ մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում իրավախախտ վարորդները վարչական պատասխանատվությունից ազատելու մոտեցում պետք է վաղուց կիրառվեր, որպեսզի նման քանակի ակտեր չլինեին: Միաժամանակ վերջինս հավելեց, որ այդ մոտեցումը էականորեն չի անդրադառնալու երթևեկության կանոնակարգման ու անվտանգության վրա. «Երթևեկության վրա ոչ դրական, ոչ էլ բացասական է ազդելու: Դրական կազդի մարդկանց սոցիալական վիճակի բարելավման վրա: Մարդիկ այդ գումարները իրենց ընտանիքի վրա կծախսեն»: Մանրամասները տեսանյութում՝

Like this post? Please share to your friends: