Մի՞թե վատ է, 18 հազար դոլար թողել եմ պետությանը. ԱՄՆ-ից վերադարձած թոշակառուն վրդովված է․«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է․

79-ամյա Վլադիկ Խուրշուդյանը, որը 18 տարի է՝ ԱՄՆ-ում է բնակվում, վերադարձել է Հայաստան: 18 տարիների ընթացքում քաղաքացի Խուրշուդյանը ոչ մի անգամ Հայաստան չի եկել, սակայն թոշակառու է 1995 թվականից եւ այստեղ թոշակ է ստացել մինչև 2000 թվականը:

Հիմա, երբ վերադարձել է Հայաստան, անձնագիրը փոխելուց հետո դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Արաբկիրի բաժին՝ թոշակ ստանալու խնդրով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից վերջինիս պատասխանել են, որ հանված է թոշակառուների ցուցակից:

«Նախարարությունում ինձ խորհուրդ տվեցին նորից փաստաթղթեր հավաքել եւ թոշակավորվել: Համարյա 80 տարեկան մարդ եմ եւ այս շոգ օրերին դրանով զբաղվելու ի վիճակի էլ չեմ, բայց հարցը դա չէ, այլ այն, որ ես կենդանի եմ, այստեղ Մամիկոնյան 23/1 հասցեում եմ գրանցված: Եթե գոնե մեկ անգամ զանգահարեին, աղջիկս մշտապես այնտեղ է, ապա կիմանային, որ ես կենդանի եմ ու չէին շպրտի ինձ թոշակառուների ցուցակից»,-բողոքեց 79-ամյա քաղաքացին:

Վերջինիս խոսքով՝ 37 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է «Հայակական տեղամաս»-ի պետ՝ կատարելով աշխատանքներ Երևանի ՋԷԿ-ում եւ ատոմակայանում. «Տեղամասը պատկանում էր Բաքու քաղաքում գտնվող վարչությանը, որտեղ եւ գտնվում են իմ այդ տարիների փաստաթղթերը»: Վլադիկ Խուրշուդյանին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում առաջարկել են մինիմալ կենսաթոշակ բացել, որը 16 հազար դրամ է: «Ես հրաժարվել եմ այդ թոշակից, 37 տարվա աշխատանքային փորձ ունեմ, վիրավորական է», -ասաց Խուրշուդյանը:

Վերջինս փոխանցեց, որ առաջարկել է արխիվից հանել իր փաստաթղթերը, սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են, որ արխիվ չունեն: «Ես կարծում եմ, որ թոշակառուն ցուցակից կարող է հանվել միայն մահից հետո, բայց ես կենդանի եմ: Մի՞թե վատ է, որ 18 տարի թոշակ չեմ ստացել 18000 դոլար թողել եմ պետությանը»,-վրդովված ասում է քաղաքացին:

ԱՄՆ-ից վերադարձած 79-ամյա Խուրշուդյանը մեզ խնդրեց պարզել՝ եթե իսկապես կա նման օրենսդրություն, որի համաձայն իրեն դուրս են հանել ցուցակից, ապա բարձրաձայնել խնդիրը եւ նպաստել հետագայում որևէ ձևով փոփոխության ենթարկելուն, որպեսզի տարեց մարդիկ, վերադառնալով հայրենիք, հնարավորություն ունենան վերականգնել իրենց թոշակը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության գլխավոր մասնագետ Գայանե Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պետական կենսաթոշակների մասին օրենքի համաձայն, եթե անձը 10 տարի կենսաթոշակ չի ստանում, նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է:

Հետագայում, երբ քաղաքացին վերադառնում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է՝ վերջինս գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ եթե քաղաքացին ստաժը հաստատող փաստաթղթեր չունի, այսինքն չունի անձը հաստատող գրքույկ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է արխիվային փաստաթղթեր ներկայացնել:

Մեր դիտարկմանը՝ եթե քաղաքացին չունի պահանջվող փաստաթղթերը եւ արխիվից էլ չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ չի պահպանվել, ապա այդ դեպքում ի՞նչ է լինում. Գայանե Հովհաննիսյանը պարզաբանեց. «Եթե քաղաքացին դիմել է եւ արխիվում նրա գործերը պահպանված չեն եղել, քանի որ արխիվում կենսաթոշակային փաստաթղթերը պահպանվում են ոչ ավելի, քան տասը տարի, ապա աշխատանքային ստաժը հաստատվում է դատական կարգով»:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ այստեղ էլ քաղաքացիները հանդիպում են մեկ այլ խոչընդոտի, քանի որ դատարանը հաստատում է մինչև 1992 թվականը, իսկ 1992 թվականից հետո պահանջվում է նաև սոցվճար կատարելու տեղեկանք: Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ դատարանը չի կարողանում հաստատել, թե տվյալ կազմակերպությունը սոցվճար կատարել է, թե՛ ոչ: Տվյալ պարագայում արդեն անձին նշանակվում է ծերության նպաստ, այլ ոչ թե կենսաթոշակ:

Նյութի աղբյուրը

 

Like this post? Please share to your friends: