Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը, պատմել է Մոնթեի մահվան և Մանվել Գրիգորյանի մասին…«Ժամանակ»

Ժամանակ օրաթերթը գրում է․

Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարին: Տարելիցի առիթով Հայաստան է ժամանել Մոնթեի ամբողջ ընտանիքը՝ քույրերը եւ եղբայրները, կինը՝ Սեդան, հարազատները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սեդան խոսեց Մոնթեի երազած պետությունից, Հայաստանի թավշյա հեղափոխությունից, եւ իհարկե, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանը ցնցած գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինություններին:

– Տիկին Սեդա, Հայաստանում հեղափոխություն եղավ, իրավիճակ է փոխվել, նոր կառավարություն, եւ այլն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:

– Շատ լավ: Գիտեք, ես միշտ, մի՛շտ հավատացել եմ, որ պետք է ժողովրդի ուզածը լինի: Ամեն երկրում, եթե ժողովուրդը կանգնում է, եւ ինքն է թելադրում, թե ինչպես է ուզում իր երկիրը լինի, ես միշտ դրա կողմն եմ: Ու Մոնթեն էլ այդպես է գործել: 1988-ին, երբ Արցախյան շարժումը նոր էր սկսվել, ես այստեղ սովորում էի եւ Օպերայի հրապարակից օրագրության նման գրում էի ամեն ինչ եւ ուղարկում էի Մոնթեին բանտ: Ինքն այն ժամանակ բանտում էր, Ֆրանսիայում: Ինքը շատ երկար նամակներ է ինձ գրել, շատ ուրախ եմ, որ դրանք պահպանվել են: Այդ նամակներում Մոնթեն անընդհատ կրկնում էր, որ հիացած է, թե ինչպես այս ժողովուրդը միասնական կերպով որոշեց իր ճակատագիրը իր ձեռքը առնել: Դա շատ կարեւոր բան է, իսկապես: Ու հետո, ընդհանրպես, այլ երկրներում էլ, ես չեմ ընդունում այն, որ ասում են՝ ղեկավարն այսինչ բանն է արել, այնինչ բանն է արել, ու վախենում են, որ ժողովուրդը իմանա: Հետո, երբ ասենք այստեղի պես հրաշալի մարդ է գալիս եւ բարձրաձայնում է խնդիրների մասին, բոլորը սկսում են իրեն մեղադրել: Այնինչ իրենք պետք է հենց սկզբից չանեին այն բաները, որ հետո չանհանգստանային, թե ժողովուրդը կիմանար: Ոչ մի ղեկավարություն, իմ կարծիքով, չպետք է ունենա այնպիսի գաղտնիքներ, որ վախենա ժողովրդի իմանալուց: Պետք է ամեն ինչ այնպես լինի, որ ինքը՝ ղեկավարը, կարողանա բացատրել: Անգամ եթե կատարվելու ժամանակ ժողովուրդը չգիտի, լավ ղեկավարը հետո պետք է հանգիստ զգա, որ մարդկանց բացատրի, որ այսինչ բանը ես արեցի այս, այս եւ այս պատճառներով, եւ վախենալու ոչինչ չունենա:

– Դուք ասացիք, որ իշխանություն ունեցողներն այնպիսին պիտի լինեն, որ հետո չվախենան, թե ժողովուրդն իրենց արածները կիմանա: Վստահ եմ՝ տեսել եք ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած այն տեսանյութը, որտեղ խուզարկություններ են անում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ու այնտեղ հայտնաբերում Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկած ծանրոցները: Ինչպե՞ս կմեկնաբանեք, տիկին Սեդա: Ձեզ համար այս ամենը զարմանալի՞ էր:

– Բնավ զարմացած չեմ: Երանի շատ զարմացած լինեի, եւ նման բան չլիներ: Բայց անկեղծորեն՝ առաջին անգամ ծիծաղելի էր, երբ Մոնթեն խոսեց Մանվելի մասին: 1992-ի փետրվարին Մարտունի գնալուց հետո Մոնթեն սկսեց շատ քիչ գալ: Առաջ մենք այնպես էինք պայմանավորված, որ Մոնթեն մեկ ամիս գնում էր, մեկ շաբաթ գալիս էր տուն, հետո նորից: Ես անշուշտ գիտեի, որ նա պիտի գնա, եւ երբեւէ չէի ասել՝ մի գնա: Բայց Մարտունի գնալուց հետո ամիսներ էին անցնում, ինքը չէր կարողանում գալ: Արդեն աչքերը թարթում էր հաճախակի, ձեռքն էր նյարդային շարժումներ անում: Ես զգում էի, որ դա ինչ-որ ջղային բանից է: Ու ասացի, որ պետք է գաս ու գոնե մի քիչ հանգստանաս, ինքդ քեզ ես վնասում: Մոնթեն ասաց, որ չի կարող գալ, ես էլ ասացի՝ մեկը չկա Հայաստանեն, որ տուն չերթա: Ըսավ՝ կա՜, մեկը կա: Ըսի՝ ո՞վ: Ըսավ՝ Հադրութի Մանվելը: Ասում եմ՝ Հադրութի Մանվելն ո՞վ է, ըսավ Հայաստանեն է: Հետո տղաներն ասացին, որ Էջմիածնի Մանվելը, որ Հադրութ կմնար այն ժամանակ, կնոջ հետ է, դրա համար էլ չի գնում Հայաստան (ծիծաղում է): Դա առաջին անգամն էր, որ այդ անունը ես լսեցի: Հետո լսածներս տխուր բաներ էին: Բայց ես փաստ չունեմ, այդ պատճառով բարոյական չեմ համարի արտահայտվել: Սակայն դրական բան չէի լսել: Հետո մարդիկ շատ հեշտ սկսեցին գեներալի տիտղոսներ ստանալ, եւ ինձ համար շատ տխուր էր, որ այդ տիտղոսներ ստացածների մեջ մարդիկ կային, որ ընդհանրապես արժանի չէին: Այս իմաստով ես զարմացած չէի: Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին: Բայց այն ժամանակ էլ հասկանալի էր, որ բացահայտումը միայն ժամանակի խնդիր էր: Այս ամենը վերջապես պիտի դուրս գար:

– Երբ ապացուցվի, որ Մանվել Գրիգորյանն իսկապես յուրացրել է զինվորներին հասանելիք սնունդը, հագուստը, Դուք՝ որպես Արցախի հերոսի կին, կպահանջե՞ք Մանվել Գրիգորյանին զրկել այդ պատվավոր կոչումից:

– Անշուշտ: Անշուշտ կպահանջեմ: Եւ ոչ միայն Արցախինից: Այո, շնորհակալ ենք այդ մեդալների համար, որ գնահատում են, բայց այնքան անարդարացի են դրանք բաժանված:

– Մոնթե Մելքոնյանի մահվան կամ թե սպանության հետ կապված տարբեր մարդկանց անուններ են շահարկվում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի եւ հենց Մանվել Գրիգորյանի: Ի՞նչ կասեք Դուք, կա՞ն կոնկրետ մեղավորներ, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Մոնթեի մահվան հետ:

– Մոնթեի սպանության հետ կապված շատ անուններ կան: Մոնթեն զոհվեց բեկորի պատճառով, ոչ թե գնդակից: Եւ զոհվելու պայմաններն ինձ համար փաստ են: Ընտանիքիս անդամներն ինձ հետ համաձայն չեն: Բայց անգամ, 1998-ին էր, թե 99-ին, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Խորհրդարանին մեջ ասաց, որ Մոնթեին սպանել են: Բայց ես անուններ չեմ կարող տալ, ինչպես ասացի, որովհետեւ փաստեր չունեմ: Շատ տխուր էր: Բայց հենց սկզբից, հուղարկավորությունից առաջ, ինձ համար շատ կարեւոր, գիտակից մարդ, այնպիսի մարդ չէ, որ օդից էր դուրս եկած, եկավ ու ականջիս ուզեց բան ասել, եւ ես այդ մարդուն ասացի, որ չեմ ուզում այդ մասին խոսել: Բայց այդ մարդու ասածը արդեն քսանհինգ տարի է իմ ուղեղում է մնացել: Միշտ վերադառնում եմ այդ դեպքին: Առայժմ ոչ մի փաստ չկա: Միայն գիտենք, որ ականը պայթեց, դրա բեկորը կպավ Մոնթեի գլխին…Այդ ինչ չար զուգադիպություն էր, ինչու էր ականը այն վայրում, որտեղ արդեն մաքրել էին… Չգիտեմ: Գիտեմ, որ իրենց հրամանատարն եկել ու ասել էր՝ շուտ պիտի գնաք դիրք, բայց դիրք գնալու անհրաժեշտություն չէր եղել: Ուրեմն, հարցեր կան, բայց պատասխաններ չկան:

– Կարծում եք՝ մի օր կբացահայտվի՞ այս դեպքը:

– Եթե դա դավադրություն էր, կարծում եմ՝ ուշ կամ կանուխ կբացահայտվի: Բայց առայժմ չգիտեմ: Գիտեմ միայն, որ Մոնթեն բեկորից է զոհվել, եւ այդ բեկորի կտորը ինձ մոտ է տակավին:

Շարունակությունը՝ այստեղ։

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: