Նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցներում «շիլափլավ» է եփել. տնօրենները շփոթված են

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի անունը վերջին շրջանում ամենից շատն է հոլովվում ՝ պայմանավորված ոչ այնքան գալիք սեպտեմբերով, որքան նախարարի հնչեցրած մշտապես սուր ու կոշտ գնահատակններով: Շատերը դեռ կհիշեն «Այբ» կրթական կենտրոնի ու դեռ այդ ժամանակ նորանշանակ նախարարի «ստատուսային պատերազմները» կամ օրինակ՝ երեկվա միջադեպը, երբ վերջինս ակնհայտ ձևով փորձեց «ստուգել» ուսուցիչներից մեկի անգլերենի իմացությունը:

Դիմացինների մասնագիտական որակների մեջ թերահավատ նախարարը, պարզվում է՝ ինքն է «կաղում» որոշ՝ ընդ որում բավական ակնհայտ հարցերում:

Տարածվող լուրերի համաձայն՝ նախարարը դեռ դուրս չի եկել հեղափոխության էյֆորիայից և շարունակում է բոլոր հարցերին լուծումներ տալ իր անձնական էջի գրառումներով:

Դպրոցների տնօրենները սպասվող փոփոխությունների մասին ծանոթանում են՝ նախարարի ֆեյսբուքյան էջին հետևելով: Ստացվում է, որ նրանք անուղղակիորեն կատարում են նախարարի «քմահաճույքներն»՝ առանց որևէ իրավական հիմքի:

Մինչ այժմ դպրոցններին պաշտոնապես միայն 1-2 հրաման է իջեցվել՝ էլեկտրոնային եղանակով, տառասխալներով, հապճեպ շարադրված:

Դպրոցի տնօրենները, որոնք թիրախավորվել են Արայիկ Հարությունյանի նախարար նշանակվելու առաջին իսկ օրից, մտահոգված են, որ անցած ամիսների ընթացքում նախարարը որևէ բովանդակային փոփոխություն չի արել: Վերջինս բավարարվել է միայն «կոսմետիկ» փոփոխություններով՝ սև ու սպիտակ հագուստի ոչ պարտադիր լինելու, դպրոց առանց հեռախոսներ հաճախելու և այլնի վերաբերյալ:

Ուսումնական 1-2 փոփոխություններով էլ նախարարն ունքն ուղղելու փոխարեն, աչքն է հանում: Դասարանները շարունակում են մնալ գերծանրաբեռնված. ըստ ուսուցիչների՝ յուրքանչյուր դասարանում սովորում են ավելի շատ աշակերտներ, քան անհրաժեշտ է կրթական բարձր որակ ապահովելու համար:

Բարդ չէ կռահել, թե ինչ խառնաշփոթի շուտով կբախվի նախարարը, եթե շարունակի կրթական ոլորտին առնչվող բոլոր հարցերը լուծել այսպես՝ «տնավարի» ձևերով:
arenanews.am

Like this post? Please share to your friends: