Նոր սերնդի ՀԴՄ-երի վնասը բիզնեսին

Արդեն շուրջ 5-6 տարի է ինչ սկսվել է այսպես կոչված «Նոր սերնդի Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ)» ներդրումը Հայաստանի հանրապետության տարածքում: Այս գործընթացի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում անկանխիկ գործարքների խթանումն է, որի շնորհիվ էլ «ստվերի կրճատումը»:

Այդ նպատակով ստեղծվեց ՀԴՄ-ների ներկրման ՊՈԱԿ և Պետական Բյուջեից հսկայական գումարներ ուղղվեցին նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու նպատակով, որոնք հետագայում պետք է վաճառվեին տնտեսվարող սուբյեկտներին: Մինչ այժմ նոր սերնդի ՀԴՄ-ները ներդրվել են միայն խոշոր ձեռնարկություններում։ Խոշոր ձեռնարկություններին դրանք վաճառվել են 360000 դրամով `ավելի փոքրերին` 180000 դրամով:
<
Մանր և միջին ձեռնարկությունների համար նոր սերնդի ՀԴՄ-ների գները սահմանվել էին 60000 դրամ, իսկ սահմանային գոտիներում աշխատող ձեռնարկատերերին պետք է տրամադրվեին ընդհանրապես անվճար: Սակայն չգիտես ինչ պատճառով այս գործընթացը դադարեցվեց և նույնիսկ արդեն փոխանցված գումարների դիմաց մանր և միջին ձեռնարկատերերին չտրամադրվեցին նոր սերնդի ՀԴՄ-ներ և գումարները հետ վերադարձվեցին:

Կարճատև դադարից հետո շուկայում հայտնվեց մեկ այլ նոր սերնդի ՀԴՄ, որի վաճառքի գինը հստակ սահմանվեց 160000 դրամ: Փոքր և միջին ձեռնարկություններին ըստ օրենքի պետք է պարտադրվեն տեղադրել 2019թ-ի հունվարի 1-ից։ Սակայն նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը կդառնա հսկայական բեռ փոքր և միջին ձեռնարկությունների համար, որը կարող է տանել ընդհուպ մինչև դրանց սնանկացման։ Դեռ ավելին, փորձը ցույց է տվել, որ մինչ այժմ խոշոր ձեռնարկություններում ՀԴՄ-ների ներդնումը ուղեկցվել է ՀԴՄ-ների ներդրման ու սպասարկման ոլորտների մոնոպոլիզացիայով և պոտենցիալ կոռուպցիոն սխեմաներով։ Նոր սերնդի ՀԴՄ-ի արժեքն է 160000 դրամ, այն դեպքում, երբ հին սերնդի ՀԴՄ-ի արժեքը տատանվում էր 60000-75000 դրամի սահմաններում։ Այսինքն պետականորեն սահմանված գինը շուրջ 200 տոկոսով ավելի է, քան մրցակցային շուկայում առկա հին սերնդի ՀԴՄ-ի գինը։ Դեռ ավելին, նույնիսկ այն դեպքում, եթե հնարավոր լինի ավելի ցածր գնով նույն նոր սերնդի ՀԴՄ-ի ներկրումը այլ վայրից, ապա դա նույնպես անհնար է, քանի դեռ չեն սպառվել արդեն ներկրված ՀԴՄ-ները: Հետևությունները թողնում ենք Ձեզ…

Իսկ որն է հին սերնդի և նոր սերնդի ՀԴՄ-ների ֆունկցիոնալ տարբերությունները։ Նոր սերնդի ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներից մեկն այն է, որ դրանք զինված լինեն քարտ կարդացող սարքերով` վճարման տերմինալներով: Վճարման տերմինալի առկայությունը զգալիորեն ավելացնում է ՀԴՄ-ի արժեքը: Շատ կասկածելի է վճարման տերմինալը ՀԴՄ-ի հետ կապելու անհրաժեշտությունը: Ներկայումս շուկայում ներդրված արդեն իսկ 25000 նոր սերնդի ՀԴՄ-ներից միայն 1500-2000-ի դեպքում է գործում Նոր սերնդի ՀԴՄ-ի վճարային տերմինալը` մնացած բոլոր տնտեսավարողները օգտվում են բանկերի կողմից տրամադրված տերմինալներից։

Մանր և միջին ձեռնարկատերերին ստիպողաբար նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու դեպքում, այդ ՀԴՄ-ների վճարային տերմինալների ակտիվացումը առավելևս կասկածելի է, քանի որ նախ դրանց ակտիվացումից հետո տնտեսավարողը ստիպված կլինի վճարել տերմինալի սպասարկման համար վճար և բացի այդ անկանխիկ առևտրի դեպքում նաև շրջանառության 1-3 տոկոսը: Այսպիսով, որքան շատանա անկանխիկ առևտրի ծավալը վճարային տերմինալի միջոցով, այնքան ավելի մեծ կլինի կորուստը շրջանառությունից մանր և միջին տնտեսվարողների համար: Արդյունքում ինչ կունենանք` Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը մանր և միջին տնտեսվարողների մոտ կդառնա մեծ բեռ նախ ՀԴՄ-ների բավականին բարձր արժեքի պատճառով` 160000 դրամ, իսկ վճարային տերմինալի ակտիվացման դեպքում նաև բավականին բարձր տոկոսներ կվճարվի շրջանառությունից:

Եթե կարելի է ինչ-որ կերպ արդարացնել Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը խոշոր տնտեսվարողների դեպքում ապա մանր և միջինի դեպքում պարզապես կդառնա մեծ բեռ ձեռք բերման առումով, իսկ վճարային տերմինալի ակտիվացման դեպքում և այդ տերմինալով անկանխիկ վճարներումների ծավալների մեծացումը պարզապես կտանի սնանկացման: Արդյունքում կա մի չարդարացված գործընթաց, պետական միջոցների չարդարացված ուղղորդում ՀԴՄ-ների ձեռք բերման համար, որոնց արժեքի բեռը ընկնելու է առանց այդ էլ մի կերպ գոյատևող մանր և միջին ձեռնարկությունների վրա:

Հարկ է նշել նաև, որ անկանխիկ առևտրի կազմակերպման համար ներկայումս արդեն կան շատ ավելի մատչելի սարքավորումներ և մեխանիզմներ, որոնց դեպքում անկանխիկ առևտրի միավոր գործարքի գինը շատ ավելի ցածր է, քան վճարային տերմինալի դեպքում 1-3 տոկոսը, որի բեռը նորից մնալու է տնտեսվարողի ուսերին: Ֆինանսական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման ներկա ժամանակաշրջանում ուղղակի ծիծաղելի և հետընթաց քայլ է կապել ՀԴՄ-ն անկանխիկ առևտրի ձևակերպման միայն մեկ տեսակի հետ:

Նոր սերնդի ՀԴՄ-ներին վերագրվող մյուս ֆունկցիան ապրանքացանկի տպումն է ՀԴՄ-կտրոնի վրա: Այդ և մնացած բոլոր պահանջվող տեխնիկական փոփոխությունները կարելի է անել նաև հին սերնդի ՀԴՄ-ների վրա, որոնց ֆունկցիոնալ հնարավորությունը դա թույլ է տալիս, իսկ դրանց արժեքը էապես տարբերվում է նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքից պետության կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը և սպասարկումը անուղղակիորեն նպաստում է ոլորտի մոնոպոլիզացիային։ Եթե մինչ օրենքի ներդրումը ոլորտում գործում էին 5-7 ձեռնարկություններ, որոնք մրցակցում էին ազատ շուկայական պայմաններում, ապա այսօր նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական պայմանների, լիցենզիաների ներդրման արդյունքում ոլորտում գործում է մեկ ձեռնարկություն։ Ուստի մրցակցային շուկայի բացակայության պայմաններում տուժելու է միմիայն սպառողը։ Դեռ ավելին, ըստ օդում կախված լուրերի, այն ձեռնարկությունը որը ստանձնել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործառույթները, անուղղակիորեն կապված է նախկին կառավարության բարձրաստիճան պաշտորնյաների հետ: Ուրեմն ինչու չազատականացնել ՀԴՄ-ների ներկրման շուկան: Անկանխիկ վճարումների ստացման մեթոդների առաջարկը մանր և միջին բիզնեսի համար թողնել բանկային համակարգին առավել ժամանակակից և մատչելի ֆինանսական տեխնոլոգիաներով դրանց լուծումները գտնելու համար: Արդյունքում կշահի իհարկե մանր և միջին ձեռարկատերը՝ ունենալով լայն ընտրություն ՀԴՄ-ի ձեռքբերման թե՛ արժեքի և թե՛ ֆունկցիոնալ առումով:

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Like this post? Please share to your friends: