Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայկական պարկապզուկ է նվագել. լսեք և գնահատեք

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ալաբինոյում «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ մրցումից առաջ այցելել է «Բարեկամության տուն», որտեղ կազմակերպվել է ցուցահանդես Բանակային միջազգային խաղերի անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի կենցաղի, պատմության և մշակույթի մասին։

Շոյգուն, որին ուղեկցել է հայ գործընկեր Դավիթ Տոնոյանը, հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական տաղավարի նկատմամբ և նույնիսկ փորձել պարկապզուկ` ազգային փողային երաժշտական գործիք նվագել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դավիթ Տոնոյանը ժպիտով ռուս գործընկերոջն ասում, որ այստեղ ներկայացված է «պատմական Հայաստանը»։

Շոյգուին հատկապես հետաքրքրել է պարկապզուկը։ Նա հետաքրքրվել է, թե որ կողմից պետք է փչի, այնուհետև որոշել է նվագել այդ գործիքը։

Չնայած Շոյգուի համառ փորձերին` այդպես էլ չի հաջողվել ինչ-որ հնչյուն, առավել ևս երաժշտություն ստանալ։ Երկու նախարարները ծիծաղել են, Շոյգուն շնորհակալություն է հայտնել իրեն տաղավարը ներկայացրած սպային։

Like this post? Please share to your friends: