Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Հայկ Սարգսյանը, կասկածվում է սպանության փորձի մեջ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյան որդին՝ Հայկ Սարգսյանը, կասկածվում է սպանության փորձի մեջ: Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ նախօրեին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, առ այն, որ դեռևս 2007թ. սպանության փորձի հատկանիշներով կարճված քրեական գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել և կարճման որոշումը վերացվել է:

Մասնավորապես, 2018 թվականի հունիսի 29-ին Դ.Սիմոնյանը դիմում է հայտնել է, որ իր ուղղությամբ կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա.Ղևոնդյանը, այլ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ղևոնդյանի հետ, երբ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ.Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա.Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։

Միևնույն ժամանակ Սիմոնյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղեկացել է Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։

Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա.Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն.Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Like this post? Please share to your friends: