Տիեզերագնացները հայկական 2 դրոշ են ծածանել Միջազգային տիեզերակայանում (լուսանկարներ)

Երեւանի 2800-ամյակի եւ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի եւ Երեւանի պետական դրոշները ծածանվել են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Այս անսովոր ու հետաքրքիր նվերը տիեզերք է ուղարկվել պետերբուրգցի բարեգործ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ:

NovostiNK-ի փոխանցմամբ, նա սույն առաջարկով առաջին հերթին դիմել է Տիեզերագնացության Դաշնության հյուսիս-արեւմտյան կայանի փոխնախագահ Օլեգ Մուխինին: Մուխինը համաձայնություն է տվել՝ նկատի ունենալով հայերի ու անձամբ Հրաչյա Պողոսյանի ունեցած ավանդը տիեզերագնացության մեջ: Այնուհետ, ստացվել է թույլտվություն «Ռոսկոսմոս»-ի ղեկավարությունից՝ դրոշները տիեզերք հասցնելու համար, այնուհետ Հրաչյա Պողոսյանն անձամբ օրհնություն է ստացել Հայ առաքելական եկեղեցուց:

Այս ամենից հետո Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմեւին են փոխանցվել հայկական 2 դրոշները, որոնք պետք է նա հասցներ Միջազգային տիեզերակայան։

Դրոշները տիեզերք են ուղեւորվել փետրվարին, այնտեղ արդեն շրջագայել են, հասցրել են լուսանկարներ ունենալ, տիեզերանավը վերադառնալու է սեպտեմբերին ու դեռ շարունակում է շրջագայել տիեզերքում:

Մինչ Հայաստանի եւ Երեւանի խորհրդանիշ դրոշները տիեզերքում են, Հայաստանում լուրջ քաղաքական շրջադարձեր են տեղի ունեցել:

Սեպտեմբերին տիեզերանավը կվերադառնա երկիր, իսկ հեկտեմբերին՝  Երեւանի 2800-ամյակի եւ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ հայաստան կժամանի ռուսաստանյան մեծաթիվ պատվիրակություն, որի կազմի մեջ են լինելու նաեւ տիեզերագնացները, որոնք տիեզերք են հասցրել հայկական դրոշները:

Like this post? Please share to your friends: