«Փաշինյանը թող գնա, տեսնի, որ խաբում են իրեն». Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է գյուղատնտեսական խնդիրների մասին։

Բերբերյանը նշում է, որ այսօր լոլիկը շուկայում պետք է արժենար 100-150 դրամ, իսկ պահածոյի գործարաները պետք է աշխատեին 30-40 դրամով։ Այդ գումարը գյուղացուն մեկ հեկտարից կբերեր մոտ 2 միլիոն դրամ, որից կես միլիոնն է ծախսատարությունը։

«Այս տարի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. գյուղնախարարությունը փորձում է մեղքը բարդել Ջրային կոմիտեի կամ երաշտի վրա։ Բայց եթե երաշտ ունեինք, հենց նախարարությունը պետք է հայտարարեր այդ մասին»,- ասում է նա։

Բերբերյանի խոսքով` այս տարի անձրևները բավարար էին, նույնիսկ գարնանը հայտարարվեց, որ ջրամբարները լիքն են, բայց աբսուրդ վիճակը բարդում են եղանակային պայմանների վրա։

«Ամենազավեշտալին այն է, որ գյուղնախարարը հայտարարում է, թե սա բերքի ռեկորդային տարի է, այն դեպքում, որ դեռ գարնանը 7000 հեկտար ցանքատարածություններ են պակասել»,- նշում է նա։

Բերբերյանը ցուցանիշներ է ներկայացնում` 1700 հեկտարով պակասել են լոլիկի ցանքատարածությունները, 3 հազար հեկտարով` կարտոֆիլինը, 8 հարյուր հեկտարով` վարունգինը։ Նրա խոսքով` եթե գարնանը խթանեին ցանքատարածքների ավելացումը և չզբաղվեին անձնական հարցերով, այս վիճակը չէր լինի։

«Փաշինյանը հարցնում է` ո՞նց է վիճակը, տղաներ։ Ասում են` շատ լավ է։ Թող գնա, տեսնի, որ խաբում են իրեն»,- ասում է Բերբերյանը։

 

Like this post? Please share to your friends: