Քրեաօլիգարխիան «ծախում» է Սերժ Սարգսյանին

1in.am-ը գրում է.

Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները, որ դեռ երեկ դիֆերամբներ էին ձոնում Սերժ Սարգսյանի հասցեին, այսօր պատերի տակ փնթփնթում են: Նրանց կարծիքով` Սերժ Սարգսյանը, իշխանության հետ միասին, հանձնել է նաև իրենց:

Նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ յուրահատուկ վրեժ են լուծում նրանից` իրենց բախտի քմահաճույքին թողնելու համար: Այս մարդիկ թերևս չեն ըմբռնել երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների, հեղափոխության հետևանքները:

Սերժ Սարգսյանի համհարզը ձերբակալվում է` բանկից հանած փողերը ձեռքին և ասում է, թե դրանք կանխիկացրել էր` իրական տիրոջը տալու համար:

Բոլորի մոտ տպավորություն է ձևավորվում, որ այդ «կեղտոտ փողերը» պատկանում են Սերժ Սարգսյանին, որովհետև Սերժի Վաչոն տեսականորեն կամ գործնականում կարող էր «մուծվել» միայն մեկ մարդու:

Տխրահռչակ Շմայսը միայն առիթ է փնտրում` ԱԱԾ ներկայանալու և նոր Հայաստանին հավատարմության երդում տալու համար: Երեկ նա հիշել էր, որ Նիկոլի թվից զենք ունի պահած և այն բերել էր մեր ժամանակների Նիկոլի իշխանությանը հանձնելու համար:

«Զանգեցի իմ քննիչին՝ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ էս-էս-էս բաները գտել եմ: Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը և ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց:

«Շմայսեր» ավտոմատը, որ հիշատակ էի պահել, հիշեցի, որ դա էլ պետքա: Իմաստ չուներ, արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը»,- լրագրողներին այս սրտաճմլիկ պատմությունն է պատմել Շմայսը:

Իհարկե, լավ է, որ Առաքել Մովսիսյանի ու էլի շատերի հիշողությունը վերականգնվել է: Տարակուսելին այն է, որ այդ գտնված հիշողության մեջ իրենք հրեշտակներ են, որ պարտադրանքով կատարել են ենթադրյալ հրեշի կարգադրությունները:

Արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը. ասում է Շմայսը` գիտակցաբար բարձրաձայնելով, որ Սերժ Սարգսյանի ժամանակ զենք պահելու անհրաժեշտություն եղել է: Իհարկե, շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչի՞ համար է զենքը պետք եղել նախկինում.

արդյո՞ք Առաքել Մովսիսյանի «վերականգնված հիշողության» մեջ հառնում են տեսարաններ քիլլերնների և պատվիրված սպանությունների մոտիվներով, թե՞ նախկին պատգամավորը «հիշել» է, թե ինչպես էր հանձնված զենքով իր գյուղի մատույցներում «հերոսաբար» մարտնչում Սերժ Սարգսյանի ուղարկած հրոսակների դեմ:

Եթե Շմայսն այսքան «անկեղծանում» է լրագրողների մոտ, կարելի է միայն պատկերացնել, թե ինչեր է «երգել» ԱԱԾ-ում` իր կողմից ուրացված, հիշողությունից ջնջված գեներալ Մանվելի կողքին չհայտնվելու հույսով:

Սա է Սերժ Սարգսյանի շրջապատը` տուշոնկա գողացող գեներալ, ուրացող քիլլեր, 50/50-ի սկզբունքով հավատարմություն ցուցաբերող եղբայր:

Այս «փայլուն տղաների» հետ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ Հայաստանը վերածել էր «տոկոս խփող» բանդաների ապաստարանի, որտեղ «տաս հազար դրամը» դարձել էր քաղաքացուն նվաստացնելու, իսկ զենքն` ահաբեկելու միջոց:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը դարձավ այն ոչ ստանդարտ իրավիճակը, որ փլուզեց «կայունությանը» սովոր համակարգը: Միայն ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը գիտակցեց, որն ինքն այլևս ոչ մեկ է` քաղաքական, բարոյական առումով և լավագույն դեպքում` կարող է լինել ցուցանակ օլիգարխիայի, քրեականների համար:

Մեծ իմաստով` Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումն այլ բան ենթադրել չէր կարող, սակայն երկրի երրորդ նախագահը դա գիտակցեց միայն ֆորս-մաժորային իրավիճակում` հասցնելով լինել «վեց օրական» վարչապետ:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին որոշեց «հանձնել» քրեաօլիգարխիային` մոտալուտ ծերությունը հանգիստ վայելելու հույսով: Բայց այսպիսի շրջապատը նրան երբեք հանգիստ չի թողի` նույնիսկ մյուս կյանքում: Քրեաօլիգարխիան «ծախում» է Սերժ Սարգսյանին. սա նրա անձնական ողբերգությունն է, որի համար, սակայն, երրորդ նախագահը պետք է մեղադրի միայն իրեն:

Like this post? Please share to your friends: