N16 պոլիկլինիկայում մթնոլորտը շիկացած է. գործընկերներն իրար դավաճան ու շահամոլ են անվանում

Ժամանակ օրաթերթը գրում է․

Երեւանի N16 պոլիկլինիկայում մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ: Նախկին տնօրեն Մարինե Ստեփանյանի հեռանալուց հետո բուժանձնակազմի մի մասը գործադուլ է անում՝ պահանջելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իրենց թեկնածուին՝ պոլիկլինիկայի վարակաբան, նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանին:

Այդպիսի խնդրանքով նրանք ավելի վաղ դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ներկայացնելով նաեւ հարյուրի չափ ստորագրություն, ինչը, սակայն, մնացել է անարձագանք, եւ N16 պոլիկլինիկան ժամանակավոր տնօրենի կարգավիճակով այժմ ղեկավարում է պոլիկլինիկայի սոնոգրաֆիստ Նունե Խաչատրյանը: Այս նշանակմանն ընդդիմացողները, որոնք աշխատանքային ժամերն անցկացնում են բակում, մեզ հետ զրույցում ասում էին, որ դա ոչ թե գործադուլ է, այլ բողոքի ցույց, որովհետեւ եթե իրենց դիմում են անհետաձգելի բուժսպասարկման կարիք ունեցող քաղաքացիներ, իրենք չեն մերժում: Մեր այցելության պահին այդ ցույցին մասնակցում էին մոտ երկու տասնյակ բուժաշխատողներ: Հավաքվածները վստահեցրին, որ իրենց շարքերը շատ ավելի խիտ են, պարզապես գործընկերների մի մասը տարբեր պատճառներով այդտեղ չէ:

Տնօրենի պաշտոնակատար Նունե Խաչատրյանը

Իրենց դժգության պատճառները նշելով՝ ասում էին, որ Նունե Խաչատրյանը չունի վարչական աշխատանքի փորձ, նաեւ իրենց վիրավորված էին զգում, որ նա այդ պաշտոնում աշխատելու հավակնություններ է ունեցել ու իրենցից գաղտնի է պահել՝ չնայած այլ թեկնածուի համար ստորագրահավաք էր անցկացվում: Դժգոհ բուժաշխատողները հայտարարում են, որ Նունե Խաչատրյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրածոն է եւ վստահություն էին հայտնում, որ հետագայում թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի արդյունքում էլ նա հաստատվելու է այդ պաշտոնում: Ընդգծում էին, որ սկզբում տնօրենի պաշտոնակատար է նշանակել Գայանե Ղոնյանը՝ արդարամտիտ, ազնիվ ու անկաշառ մարդ, ինչը գոհացրել էր բոլորին, բայց շատ կարճ ժամանակ անց նա փոխարինվել է մեկ ուրիշով:

Այստեղ հերքում էին պնդումները, թե բողոքի ցույցերը կազմակերպում է նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանը՝ նշելով, որ նա նույնիսկ չի իմացել, որ իր օգտին ստորագրահավաք է իրականացվում, թեպետ հետո ընդառաջ է գնացել իրենց ցանկություններին: Հայտարարում էին նաեւ, որ Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նույնպես որեւէ կապ չունի այս ամենի հետ: Հիշեցնենք, որ պոլիկլինիկայում տեղի ունեցող ապօրինությունների մասին ավելի վաղ ահազանգել էր Դավիթ Խաժակյանը՝ հղում անելով իրեն հասցեագրված բողոքներին: «Նրա անունն անտեղի շահարկվում է, որ հրահրում է մեզ: Բայց այդ տղան ոչ մի կապ չունի, նա ընդամենը արձագանքել է մեր դիմումին ու մեր խոսքը տեղ է հասցնում»,- հայտարարեցին բուժաշխատողները՝ հավելելով. «Նունե Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելը իրենց տակ եղած կեղտերը փակելու յուրատեսակ միջոց է: Մենք բոյկոտում ենք, չենք ուզում քաղաքականությունը հերթական անգամ մտնի այս պատերից ներս: Մեր պայքարն էլ ուզում են տեղափոխել քաղաքական դաշտ՝ ասելով, որ սա ԵԼՔ-ի ու քաղաքապետի պայքարն է: Դավիթ Խաժակյանն այս ամենի հետ ոչ մի կապ չունի»:

Բողոքի ցույցին չմասնակցող Սուսաննա Մակարյանը

Աշխատանքը չդադարեցրած եւ բողոքի ցույցին չմիացած թերապեւտ Սուսաննա Մակարյանն ասաց, որ երկու գործընկերներն էլ, որոնք հավակնում են լինել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հարգված ու սիրված են: Նա, սակայն, չի համարում, թե անձերը կարեւոր են այն դեպքում, երբ առողջապահության համակագում արատավոր երեւույթները համակարգային բնույթ են կրում: «Տնօրենը վարչական պատասխանատու անձ է, նա ենթարկվում է վարչական օրենսդրությանը, ենթարկվում է իր ղեկավարին, աշխատում է այնպես, ինչպես մյուս տնօրենները, փոխհամաձայնության են գալիս: Որ օղակը արատավոր եղավ, մարդն էլ գայթակղվող արարած է, նա միայնակ ինչպես կարող է պայքարել: Դրա համար ես այս պայքարին չեմ մասնակցում: Մինչեւ արատավոր համակարգը չվերացվի, էլի մեկը կգտնվի՝ ամեն ինչ խճճելու եւ մեզ խաբելու: Մեր անվստահությունը գալիս է այդտեղից, ու տուժում են մեր ընկերները, արդեն իրար դավաճան, թշնամի ու շահամոլ են անվանում: Բայց սա հրաշալի կոլեկտիվ էր: Մեր ընկերները, որ իրար հետ շատ համերաշխ էին, պառակտվեցին: Ու հիմա ես էլ ուրիշ առաջարկություն անեմ՝ ոչ սրան, ոչ նրան, այլ այն մարդուն, որը օրենքով ունի ստորագրած պայմանագիր, որ տնօրենի բացակայության դեպքում ժամանակավոր կատարելու է նրա պարտականությունները»,- ասաց մեր զրուցակից թերապեւտը՝ նշելով, որ այդ մասնագետը թերեպեւտիկ բաժնի վարիչ Գայանե Ղոնյանն է:

Մեր այցելության պահին բուժանձնակազմի մի մասի նախընտրելի թեկնածու Լենա Հովսեփյանը պոլիկլինկայում չէր: Այնտեղ չէր նաեւ Գայանե Ղոնյանը, որից հնարավոր կլիներ պարզել կարճատեւ պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը: Գործող պաշտոնակատար Նունե Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքապետարան հրավիրվել են հինգ աշխատակից՝ այդ թվում ինքն ու բողոքի ցոյւց անողների թեկնածուն: Իր տեղեկություններով՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել համաձայնել են միայն իրենք երկուսը: Անդրադառնալով Լենա Հովսեփյանի օգտին մեծամասնության ստորագրություններին, նա նշեց, որ դրանք դրվել են պոլիկլինկայում ստեղծված խառը իրավիճակում, հետո սակայն, շատերն անդրադարձել են դրան եւ ապարդյուն առաջարկել ժողով անել, քննարկել թեկնածություններ: Ի վերջո, ըստ նրա, քաղաքապետարանում պարտավոր չեն նշանակում անելիս առաջնորդվել կոլեկտիվի նախապատվություններով:

Նունե Խաչատրյանն ասաց, որ տնօրենի թափուր պաշտոնի սպասվող մրցույթին մասնակցելու որոշում դեռ չունի: Դժգոհություն հայտնեց նաեւ պոլիկլինկայում ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գործունեությունից՝ հայտարարելով, որ նա կողմնակալ է, լսում է այն, ինչ ուզում է լսել, տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել՝ պաշտպանելով փողոց դուրս եկած ցուցարարներին:

Մանկաբարձ-գինեկելոգ Արփինե Սողոյանը

«Սա շատ վտանգավոր գործընթաց է, ինձ մոտ այն տպավորությունն է, որ ով դուրս գա փողոցում կանգնի ու բղավի, ուրեմն նա ճիշտ է: Ինձ սա է հիմա սարսափեցնում: Այս ոչ օբյեկտիվ մեկնաբանումը հատկապես ԵԼՔ խմբակցության անդամի կողմից վտանգում է մեր պետությունը: Դավիթ Խաժակյանն իր քաղաքական ամբիցիաներն է ուզում բավարարել: Ես ուղղակի մեծ հույս ունեմ, որ մեր նոր երկրում քաղաքական ամբիցիաները ճշմարտությունից վեր չպետք է կանգնեն: Սա մեթոդ չէ, խաժակյանները վարկաբեկում են մեր ստեղծած փոփոխությունները»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, որը նույնպես գտնվում էր տնօրենի աշխատասենյակում: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնակատարի վարչականան աշխատանքի փորձ չունենալուն՝ նա արձանագրեց. «Հեղափոխությանը հարվածում է այդ գաղափարը, այսօր մենք ունենք կառավարություն, որի անդամների գրեթե մեծամասնությունը չունի վարչական աշխատանքի փորձ, բայց հուրախություն մեր բոլորի, առաջին իսկ աշխատանքային օրում մարդիկ ցույց տվեցին իրենց կոմպետենտությունը եւ իրենց համարձակ եւ ճիշտ որոշումները այս երկիրը ոտքի հանելու»:

Like this post? Please share to your friends: