Ադրբեջանում վարձկանների գտնվելու ապացույցները՝ France24-ում

PanARMENIAN.Net – Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը, չնայած հրադադարների պայմանավորվածություններին, շարունակվում է, իսկ մարտերում Ադրբեջանի կողմից ներգրավված են վարձկաններ Սիրիայից, գրում է France24 Observateurs-ը։

Աղբյուրը նշում է՝ վարձկաններն Ադրբեջան են տեղափոխվել Սիրիայի հյուսիս-արևելքից Թուրքիայի աջակցությամբ և, չնայած թուրք ու ադրբեջանցի ղեկավարները հերքում են պատերազմում վարձկանների ներգրավման մեղադրանքը, միջազգային լրատվամիջոցներում հակամարտության գոտում դա փաաստող ապացույցներ կան, որոնք հենց իրենք՝ ահաբեկիչներն են տարածում։

Ֆրանսիական լրատվամիջոցը 4 տեսանյութ է ներկայացրել, որոնք ապացուցում են ԼՂ-ում ադրբեջանա-թուրքական բանակի ներգրաված ահաբեկիչների ներկայությունը։

Ապացույց 1․ Վարձկաններն ուսումնական ճամբարում պատրաստվում են Ադրբեջան գնալուն

Դեպի Ադրբեջան գնացող սիրիացի վարձկանների ուսումնական նախապատրաստություններից առաջին կադրերը հրապարակվել են սեպտեմբերի 25-ին՝ Telegram ալիքներից մեկում։

Ըստ մի քանի վայրկյանանոց վիդեոյի տեղանքի ուսումնասիրության՝ այն արվել է Սիրիայի Հավար Քիլիս գյուղի մոտակայքի ռազմական ճամբարում։

Վերջինս ստեղծվել է 2016-ին Սիրիայի ազատ բանակի կողմից։ Հավար Քիլիս գյուղը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին։ Այդտեղ գործող խմբավորումները 2017-ի գարնանը մասնակցել են «Եփրատի վահան» ռազմական գործողությանը, որն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից, Սիրիայի ազատ բանակի օժանդակությամբ՝ ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման։

Տեսանյութ 2․ Վարձկաններն Ադրբեջանում են

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը, Twitter-ում ամենագնացների շարասյան կադրեր են հայտնվել, դրանց վրա սիրիացի զինյալներ են, որոնց թուրքերնով քաջալերում են ճամփեզրին գտնվող տեղացիները։ Վարձկանները Սիրիայի ազգային բանակին (ANS) բնորոշ մարտակոչեր են անում․ «Մուհամեդ Մարգարեն միշտ կլինի մեզ առաջնորդողը։

Ըստ մեդիափորձագետների և տեղորոշմամբ զբաղվող օգտատերերի՝ տեսանյութն արված է Հորադիզում, Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանից 4 կմ հեռավորությամբ։

Ապացույց 3․ Վարձկանները կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում

Հալեպյան լրատվական աղբյուրներում հոկտեմբերի 3-ին տարածված հոլովակում երևում է, թե ինչպես են մի խումբ վարձկաններ Սիրիայում մնացած իրենց «գործընկերներին» տեսաուղերձ հղում։ France 24-ի հետազոտողները կարողացել են ներկայացված տեսանյութի ու Սիրայի ազգային բանակի՝ թուրքական ծագում ունեցող Սուլթան Մուրադի զինյալների միջև ընդհանրություններ գտնել։ Հոլովակի ընթացքում հնչում է ազգային երաժշտություն, որը գովերգում է հենց Մուրադի զինյալներին։

Վիդեոյի հեղինակը նախ իր ընկերներին հրավիրում է պարելու, ապա Սիրայում մնացած ահաբեկիչներին հորդորում կամավորագրվել։

«Բարով գաք, միացեք մեզ, զվարճանանք՝ ընդդեմ Հայաստանի»,- ասում է ահաբեկիչը։

Ապացույց 4․ Դաժան բախումները՝ հայերի հետ

Սիրիայի ընդդիմադիր «Ալ-Ֆարուկ» ջոկատի հետ փոխկապակցված «Համզա» խմբավորման վարձկանը հոկտեմբերի 3-ին նկարել է (հոկտեմբերի 10-ին այն համացանցում է հայտնվել) հայ զինծառայողների դիեր։ Լրագրող Ալեքսանդր ՄքՔիվերը (Alexander McKeever) տեղորոշել է ահաբեկչի տեսանյութը․ այն արվել է Ադրբեջանի հարավում՝ Իրանի հետ սահմանակից գյուղերից մեկի շրջակայքում։

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների տվյալով՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ Ադրբեջանում առնվազն 134 սիրիացի վարձկան է սպանվել, նրանցից 92-ի դիակները տարվել են իրենց հայրենիք։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ առնվազն 2050 վարձկան է Սիրիայից Ադրբեջան տեղափոխվել՝ 400 հոգանոց խմբերով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

https://www.panarmenian.net/arm/news/286868/?fbclid=IwAR01GE6DB6-LnrH0ZX8cZt6DBXdXZLuZg_mk9ex82VmwBesOcTMDVAasi2E

Like this post? Please share to your friends: