Ամենակարևոր բանը, որ պետք է սովորենք Նիկոլ Փաշինյանից

Թավշյա հեղափոխության հաղթանակը շրջադարձային էր Հայաստանի ողջ պատմության համար։ Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ազգին իր բաղձալի երազանքին հասցնել և վերջնականապես ազատել երկրի կառավարությունը թալանչի իշխանավորներից։

Ծավալած ողջ պայքարի ընթացքում Փաշինյանը փորձում էր քաղաքացիներին համոզել, սովորեցնել և ինչու ոչ, նաև պարտադրել, որ սա սիրո և հանդուրժողականության, ոչ բռնի հեղափոխություն է։

Իրականում, իր խոսքերում Փաշինյանը հստակ ազդակներ էր փոխանցում հասարակությանը, երբ ասում էր, որ ոստիկանները՝ մերն են, որ սա խաղաղ պայքար է և ոչ-ոքի վիրավորել չի կարելի, անգամ այն պաշտոնյաներին և թալանչիներին, որոնց այդչափ ատում ենք։

Եվ այո․ Փաշինյանի մարտավարությունը հաղթանակեց։ Հաղթանակեց նաև իր առաջնորդի կողքին կանգնած հայ ժողովուրդը, որը մեկ մարդու նման դուրս եկավ փողոց և պայքարեց հանուն իր ազատության։Հիշում եմ և կարծում եմ Ձեզանից շատերն էլ կհիշեն, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը սաստում իր ելույթի ժամանակ ագրեսիայի կոչեր հնչեցնող մարդկանց, ովքեր պնդում էին, թե ամեն-ինչ պետք է ուժի կիրառմամբ լուծվի։

Սաստում էր և խնդրում, որ մարդիկ չտրվեն սադրանքներին․․․

Եվ ամենակարևորը՝ նա չէր մտածում միայն իր մասին։ Նա մտածում էր մեզանից յուրաքանչյուրի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն վտանգելով նստում էր փողոցում կամ անցնում փշալարերի վրայով։ Հենց սա էլ պետք է հասարակության կարևոր ուժը դառնա՝ մեկը բոլորի համար, իսկ բոլորը՝ մեկի։

Ասածս ինչ է․

Փաշինյանը հիանալի ստրատեգ է և առաջին հերթին կիրթ և դաստիարակված մարդ, և կարծում եմ հենց սա է նրա հաջողության առաջին գրավականներից մեկը։ Երբ տղամարդը կարողանում է այնքան զուսպ և խելացի լինել, որ կառավարում է 100․000-ից ավելի հասարակությանը, դա խոսում է միայն մարդու ամենաուժեղ կողմերի մասին։

Այսօր նրա կերպարը շատերիս համար հիանալի օրինակ է, որպեսզի կարողանանք նրանից սովորել և սերտել ինչ-որ բաներ։

Չվիրավորել, լինել հանդուրժող, գրագետ, կիրթ, հայրենասեր և ամենակարևորը դուխով։ Սրանք ամենակարևոր բաներն են, որոնցից պետք է օրինակ վերցնենք։

Այո, սա այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա։ Նիկոլ Փաշինյանը և մենք՝ բոլորս հենց այնպես չենք հաղթել։

Հաղթել ենք, որովհետև ցանկացել ենք հաղթել, չենք վիրավորել․․․

Եվ, ամենակարևորը՝ վարչապետից ու կառավարությունից ինչ-որ բան պահանջելուց առաջ փորձենք մեզ վրա աշխատել և ինքներս մեզ կրթենք, զարգացնենք, քանի որ առանց իրավագիտակից և պահանջատեր քաղաքացու՝ խելացի առաջնորդն ու իշխանությունը ոչ-ոքի պետք չէ․․․

Հիշեք, որ երբ Նիկոլը Գյումրիից քայլերթը սկսում էր, լրիվ մենակ էր, իսկ այօսր նրա կողքին մի ամբողջ ազգ է կանգնած։ Պատճառը՝ շատ հասարակ մի բան էր․ նա հավատում էր իր ուժերին։ Ուրեմն Դուք էլ հավատացեք և սկսեց ինքներդ ձեզնից։

ՀՀ հպարտ քաղաքացի

Like this post? Please share to your friends: