ԱՄՆ առաջին պայմանը Նիկոլ Փաշինյանին. Վաշինգտոնից շուտով կհայտարարվի

Հայաստանի վարչապետի խոսնակ Արման Եղոյանն Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանը բավական խոշոր գումարի օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից, և այդ նպատակով այժմ մշակվում են համապատասխան ծրագրեր:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, Եվրամիությունը «Մարշալի պլան» է պատրաստում Հայաստանի համար: «Հայաստանը ուզում է Եվրամիության հետ ինտենսիվացնի համագործակցությունը, բայց չի դնում ազատ առևտրի գոտու մեջ մտնելու հարցը… Ինչքան ես հասկանում եմ, մեկ միլիարդ եվրոյի ծավալի ծրագիր մեր կառավարությունը կբերի», ասել է Գրիգորյանը:

Որքան՞ով է դա ընդունելի ԵՄ համար եւ այդ գումարը համաձայնեցվե՞լ է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ժամանակ: Մեկ այլ վերլուծաբան՝ Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ԵՄ-ն կարող է ընդառաջ գնալ Հայաստանին, եթե Երեւանն աշխարհքաղաքական ճշգրտումների պատրաստակամություն ցույց տա:

Հայաստանը փորձում է ներդրումներ ու օգնություն ստանալ նաեւ ԱՄՆ-ից, սակայն, ինչպես պարզվել է, այս գործում առանցքայինն Ամուլսարի հարցն է:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով, Հայաստանում դեռ վաղ է խոսել նոր խոշոր ներդրումների մասին: Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում դեսպանը հաղորդել է, որ հնարավոր ներդրողները դեռ հետևում են, թե ինչ ընթացք է ստանալու կոռուպցիայի դեմ մեկնարկած պայքարը:

«Ամերիկյան հնարավոր ներդրողները ցանկանում են տեսնել, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ կապված խնդիրներին: Արդյոք նրանք արդարացի վերաբերմունքի են արժանանում, երբ հետաքննում են նրանց հարկային գործընթացները: Նրանք նաև հետևում են «Լիդիան» ընկերության հետ կապված հարցերին, և ինչպես է կառավարությունը լուծում նման զգայուն ու վիճելի հարցերը: Արդյոք «Լիդիանը» արդարացի վերաբերմունքի կարժանանա այդ գործընթացի ընթացքում», ասել է ամերիկացի դիվանագետը:

ԱՄՆ Զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերն «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանին ուղղված օժանդակության ավելացման շուրջ քննարկումներ արդեն կան․ «Հայաստանի կառավարության որոշ ղեկավարներ այժմ ու հենց այսօր ԱՄՆ մայրաքաղաքում են, ու կարծում եմ, նրանք կունենան քննարկումներ այդ մասին: Կարծում եմ, դրա վերաբերյալ կհայտարարվի Վաշինգտոնից, ուստի այս անգամ ես մեկնաբանություններից զերծ կմնամ», պատասխանել է նա:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Like this post? Please share to your friends: