«Այդ Լևոն-Տեր Պետրոսյանն այնքան էլ լեգիտիմ չէր, նրան պետք է դատեն». Մարկեդոնով

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք որևէ կոշտ գնահատական չէին հնչեցրել, դրա համար էլ Լավրովի վերջին հայտարարությունը նման ռեզոնանս ստացավ»,- այսօր հրավիրված քննարկմանը նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ով Մոսկվայից տեսազանգի միջոցով էր մասնակցում քննարկմանը։
Ս. Մարկեդոնովը նկատեց, որ ռուս շատ փորձագետներ, քաղաքագետներ հեղափոխությունից հետո տարբեր գնահատականներ հնչեցրել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, բայց դրանք չեն եղել պաշտոնատար անձինք։ «Պաշտոնական մակարդակում ամեն ինչ շատ հանգիստ էր, կային հայտարարություններ, որ սրանք Հայաստանի ներքին հարցերն են, և ռուսական իշխանությունները պատրաստ են աշխատել Հայաստանի նոր իշխանությունների հետ»,- նկատեց ռուս քաղաքագետը։

Խոսելով այն մասին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելն ինչո՞վ կարող է անհանգստացնել Մոսկվային՝ Ս. Մարկեդոնովն ասաց.

«Մոսկվային կարող է անհանգստացնել ոչ թե նախկին լիդերի անձնական ճակատագիրը, այլ այն, թե ինչպես կձևավորվի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար գործընկեր, առանձնահատուկ կարևորություն ունեցող երկիր է Հարավային Կովկասում։ Եվ Մոսկվային անհանգստացնում է այն, որ նոր իշխանությունը փորձում է հեղափոխական քայլերով խզել բոլոր կապերը հին իշխանությունների հետ՝ դրանով խախտելով շարունակականության սկզբունքը։ Դա շատ վտանգավոր բան է»։

Նշենք, որ քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ վերջին 20 տարում Հայաստանի իշխանությունները քծնել են Ռուսաստանի իշխանություններին, դրա համար էլ վերջիններս սովոր են դրան։

«Ի պատասխան՝ ասեմ՝ այդ Լևոն-Տեր Պետրոսյանն այնքան էլ լեգիտիմ չէր, նրան պետք է դատեն»,- նշեց Ս. Մարկեդոնովը՝ հավելելով, թե համաձայն չէ, որ Հայաստանի իշխանությունները վերջին 20 տարիներին քծնել են ռուսներին։

«Մենք լավ հիշում եմ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ-ում, թե ինչպես է այդ կառույցը լռում, երբ գործողություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Ու դա մի անգամ չի եղել»,- նկատեց Ս. Մարկեդոնովը։

Նա Ս. Լավրովի խոսքերում չի տեսել միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ըստ ռուս փորձագետի՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդամենն անհանգստությունների մասին է խոսել։

Աղբյուրը՝ blog.168.am

Like this post? Please share to your friends: