Եթե իմ նկատմամբ ճնշում լինի, ես էլի չեմ համարի ճնշում․ Գալուստ Սահակյանի պայծառ մտքերից

Այսօր Հայաստանում ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հայաստանյան իրավիճակի շուրջ ԵԽԽՎ մոնիտորիգի նպատակահարմարության մասին հարցին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի նկատմամբ է իրականացվո՞ւմ բռնաճնշում, որին պատգամավորը պատասխանեց․ «Այսօր որեւէ գործողություն, որ կատարվում է, անպայման նշվում է ՀՀԿ-ի անունը, որն, ըստ մեզ, սխալ է»։

Հարցին՝ անձամբ իր նկատմամբ էլ կա՞ ճնշում, Գալուստ Սահակյանն բացասական պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ իմ նկատմամբ էլ պիտի ճնշում լինի, եթե լինի էլ, ես էլի չեմ համարի ճնշում»,-ասաց նա, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե ինչու չի համարի ճնշում, նա կարճ պատասխանեց․ «Էդպես»։

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե որն է համարում գործող կառավարության ամենալուրջ թերացումը․ «Չեմ տեսնում երկրում տնտեսական զարգացում, չկա այդ գաղափարախոսությունը, կան մարդիկ, որոնք կոռուպցիայով են զբաղվում, այլ գործողություններ դեռեւս չկան»։

Նա վստահ չէ, որ ներկա կառավարության անդամները, բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ունեն բավարար ներուժ երկիրը հզորացնելու համար․ «Ես չեմ հասակնում՝ ՀՀ-ն հիմա ո՞ր ուղիով է գնում, գնո՞ւմ ենք դեպի հզոր ՀՀ, թե մարդիկ են եկել, որոնց չեմ ճանաչում, բացի Նիկոլ Փաշինյանինց, չգիտեմ այդքան ներուժ ունեն, որ կառավարությունը տանեն այնպիսի ճանապարհով, որ մեր ժողովուրդը լավ ապրի»։

Տնտեսության զարգացման համար, պատգամավորը համոզված է, 10 տարվա ընթացքում բոլոր ուղղություններով մեծ աշխատանք է կատարել ՀՀԿ-ն․ «Մի փոքր էլ կմեծանանք, կհիշեք»,-դիմեց նա լրագրողին։

Like this post? Please share to your friends: