«Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է։ Նա մասնակցում է քեֆ-ուրախությունների ու կուսակիցներին համոզում չլքել շարքերը, չհանձնվել։

Օդիոզ ՀՀԿ-ականներից շատերը հավատում են կուսակցապետին, աջուձախ ասում են, թե իշխանությունը մի քանի ամսով են հանձնել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենցից լավը չկա, նորից հետ կանչի իրենց։

Ի դեպ, ՀՀԿ-ական տուսովկան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցած ուրբաթ Արարատի մարզի Դաշտավան գյուղում մասնակցել է իրենց կուսակից պատգամավոր Մուրադ Մուրադյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Գալուստ Սահակյանը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը, Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, Նաիրի Սահակյանը եւ այլք։
Ներկա է եղել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ով Մուրադյանի հարեւան գյուղից է: Մատաղի արարողություն է կատարվել, 7 գառ է մորթվել, քաղաքական գործիչները եւ դաշտավանցիները միասին համայնքի միջոցառումների համար նախատեսված սրահում հաց են կիսել։

Մասնակցել են նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայր Գոռ Համբարձումյանը, որոնք նույնպես ծնունդով դաշտավանցիներ են, Մուրադյանի մտերիմները։ Մատաղի արարողությունից հետո իրավապահները նրանց ձերբակալել են հայրենի գյուղից։

Քեֆ-ուրախությունն ավելի ուշ ՀՀԿ-ական այրերն ու պատգամավորի հարազատները շարունակել են Զվարթնոց համայնքում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ նշել են Մուրադյանի կրտսեր որդու երեխաների կնունքի արարողությունը»։

Like this post? Please share to your friends: