Ի՞նչ է առաջարկելու Հայաստանը Ռուսաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին

Նախարարները վերահաստատել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բովանդակային երկխոսությունը։

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են նաև ԼՂ խնդիրը: Հայաստանի արտգործնախարարը ընդունել է ռուսաստանցի իր գործընկերոջ հրավերը և մոտ ապագայում կայցելի Մոսկվա բովանդակային քննարկումները շարունակելու համար:

Թավշյա հեղափոխությունն աշխարհաքաղաքական ենթատեքստ չուներ և չի հանգեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխության: Մյուս կողմից` Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերաիմաստավորման, բովանդակություն ձեռք բերելու անհրաժեշտություն ունի, որովհետև վերջին քսանամյակում Հայաստանի սուբյեկտության անկումը ամենացայտուն դրսևորումն ունեցել է հենց արտաքին քաղաքականության վրա:

Դրանում կենտրոնական դեր վերապահված է հայ-ռուսական հարաբերություններին: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք դրանք եղել են վասալային` կաշկանդված օլիգարխիկ, կոռուպցիոն բաղադրիչներով: Պարզ չէ, թե Մոսկվայում ինչ չափով են գիտակցում թավշյա հեղափոխության քաղաքական հետևանքը կամ ինչքանով են պատրաստ հաշվի նստել նոր իրողությունների հետ, սակայն Հայաստանի նոր կառավարությունն իրապես պետք է ձգտի հայ-ռուսական հարաբերությունները փոխադրել միջպետական մակարդակ, ռազմավարական գործընկերության և իրավահավասարության հարթություն: Գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում, և Մոսկվայում թերևս սպասում են Երևանի առաջարկներին, նոր գաղափարներին:

Այս առումով` Լավրով-Մնացականյան առաջիկա հանդիպումը խիստ սկզբունքային է, որովհետև միջպետական հարաբերությունների, այսպես կոչված, գործնական, օպերատիվ հատվածը ապահովում են հենց ԱԳ նախարարներն ու նրանց ղեկավարած գերատեսչությունները:

Մյուս կողմից` կարևոր փուլ կարող է թևակոխել նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը: Մի կողմից Հայաստանի նոր իշխանությունները փորձում են բանակցային գործընթացում վերականգնել Արցախի սուբյեկտությունը, մյուս կողմից` էներգետիկ հակասությունները նոր ճգնաժամ են հարուցել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում: Հայկական կողմի համար ստեղծվել է որոշակի բարենպաստ համատեքստ, որը պետք է օգտագործվի գոնե Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու Մոսկվայի քաղաքականության արմատական վերանայմանը հասնելու համար:

Այսքանով հանդերձ` Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքականության մեջ ռուսական ուղղության վրա կենտրոնանալու որոշակի ակցենտ է նկատվում, ինչը և բնական է, և որոշակիորեն ռիսկային: Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը կարող է բովանդակություն ունենալ, եթե Երևանն արդյունավետ ակտիվություն դրսևորի բոլոր ուղղություններով: Ի վերջո, արտաքին քաղաքականության միակողմանի և տենդենցիոզ բնույթն է հանգեցրել հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա դեգրադացիային:

Like this post? Please share to your friends: