Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք… Կարեն Քոչարյան

«Ես միշտ կողմ եմ եղել, որ ղեկավար կազմում լինեն երիտասարդներ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդը պետք է գա և լինի առաջին դեմք»,- «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երիտասարդ կադրերին։Նրա խոսքով՝ երիտասարդը, այնուամենայնիվ, պետք է «աճի», ինչը հաշվի չեն առել. «Բարի, էլի խնդիր չէ, կարող է փորձ ձեռք բերել առանց օգուտների, բայց գոնե՝ նաև առանց վնասների։ Ես չեմ կարծում, որ ամբողջ կառավարությունը վատն է, կան լավ նախարարներ»։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ այն վարկանիշային և վստահության պաշարը, որ կա, և որը շատ մեծ է, մաշվելու հատկություն ունի. «Եվ հիմնականում մաշվում է այն ժամանակ, երբ մարդը ձմռանը կտեսնի, որ, օրինակ՝ գազը թանկացել է, ինքը չի կարողանում վճարել։ Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է։ Նույն Նիկոլ Փաշինյանը գնաց շուկա և տեսավ՝ ինչ է կատարվում։ Ընթացքում սա բերելու է վարկանիշի բավականին լուրջ մաշման»։Կառավարությունում, ըստ Քոչարյանի՝ կան մարդիկ, ովքեր նորմալ մարդիկ են, բայց նաև կան մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն.«Ուրեմն՝ այդ մարդկանց պետք է փոխել։ Այնպես չէ, որ միայն մեզ մոտ է այդպես, ամբողջ աշխարհում այդպես է. եթե մարդը չի կարողանում աշխատել, փոխում են այնքան ժամանակ, մինչև գալիս է մեկը, որ կարողանում է այդ ոլորտի համար պատասխանատվություն կրել և առաջ տանել։ Սա է ամբողջ մեխանիզմը, այդպես են զարգանում բոլոր երկրները»։

Like this post? Please share to your friends: