ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ:
Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանկարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում:

Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը:

Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Like this post? Please share to your friends: