Նիկոլ Փաշինյանը պատռեց քողը. աննախադեպ հայտարարություն

Եթե Հայաստանի նոր իրավիճակում նոր իշխանությանը Եվրամիության աջակցությունը որեւէ կերպ գործնականում չի տարբերվելու նախորդ իշխանության շրջանում իրականացրած քայլերից, ապա այդ դեպքում Եվրամիության ղեկավարությունը թող նվազեցնի այն ոգեւորության տոնը, որ հայտնում է Հայաստանում թավշյա հեղափոխության կապակցությամբ:

Բրյուսել առաջին այցից ու ԵՄ ղեկավարության հետ հանդիպումներից հետո այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ հայտարարութունն իր բնույթով աննախադեպ է, նույնիսկ սենսացիոն: Ի՞նչն է դրա պատճառը, բավական բարդ է ասել: Նիկոլ Փաշինյանը Բրյուսել այցից սպասում էր ավելին, բայց տեսավ հակառա՞կը՝ բոլորը պատրաստ են ժպտալ, շնորհավորել, ծափահարել, բայց առանց որեւէ պատասխանատվությա՞ն, ու ըստ այդմ որոշեց կոշտ եւ արագ արձագանքել, թե՞ Փաշինյանը այդ նույն ուղերձը փոխանցել է ԵՄ ղեկավարների հետ հանդիպմանը, պարզապես հետո բարձրաձայնել նաեւ հանրության համար:

Թվում է, Փաշինյանը բավական կոնֆլիկտային շեշտադրումներ է արել, կոնֆլիկտային տոնով է խոսել ԵՄ հետ:

Իրականում սակայն, Նիկոլ Փաշինյանը խոսել է ոչ թե կոնֆլիկտի, այլ իրական գործընկերության լեզվով, մերկացնելով Հայաստան-Եվրոպա հին հարաբերությունը, որն ունեցել է ցուցանակներ, սակայն ոչ բովանդակություն:

Նախորդ իշխանությանը գոհացրել է փոխադարձ անպատասխանատվության այդ իրավիճակը: Եվրամիությանը նույնպես: Դա արձանագրվել է կարեւորագույն փաստաթղթով՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրով, որը նախորդ համակարգի պարագայում ստանում է գերնշանակություն, սակայն նոր Հայաստանի պարագայում այդ փաստաթուղթը չափազանց քիչ է եւ ստանում է նույնիսկ ինչ որ իմաստով ժամանակավրեպ բնույթ, քանի որ դրանում արտացոլված օրակարգը այսպես թե այնպես դառնում է Հայաստանի թավշյա հեղափոխության օրակարգ՝ Հայաստանի իրավականացում, արդիականացում, կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական մեխանիզմների, ընտրական ինստիտուտի ձեւավորում եւ այլն:

Ըստ այդմ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունն այդ համաձայնագրի շրջանակում խոշոր հաշվով վերածվում է «բուտաֆորիայի»:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը, կասկածի տակ չդնելով այդ համաձայնագիրը ֆորմալ տեսանկյունից, այդուհանդերձ Եվրամիությանը հստակ ակնարկում է, որ նոր իրավիճակը Հայաստանում փոխադարձաբար պահանջում է բարձրացնել հարաբերության գործնական, առարկայական մակարդակը եւ համապատասխանեցնել այն Հայաստանի նոր իրականությանը, այդպիսով Եվրամիություն-Հայաստան հարաբերությունը փրկելով բուտաֆորիայի վերածվելուց:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հստակ նշում է, որ այդտեղ գլխավոր կորցնողը լինելու է Եվրամիությունը՝ որպես քաղաքական կողմ կամ գործընկեր, քանի որ Հայաստանն այսպես թե այնպես առաջ է տանելու իր ժողովրդավարական օրակարգը, այսինքն Հայաստան-Եվրամիություն հարաբերության «բուտաֆորիկ» բնույթը ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումն է վերածելու բուտաֆորիայի, այլ Հայաստանում Եվրոպայի ներկայությունը:

Փաշինյանն այդպիսով Եվրամիության ղեկավարությանն առաջարկում է աշխատել, Հայաստանից տնային աշխատանք պահանջելու փոխարեն, ինչը նախորդ աշնանը՝ ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց առաջ Երեւանում ասում էր Եվրամիության դեսպան Սվիտալսկին: Ներկայում Հայաստանը Եվրամիությանն է հուշում, որ «տնային աշխատանք» պետք է կատարի Բրյուսելը, որովհետեւ Հայաստանն իր աշխատանքը կատարում է:

Պատրա՞ստ է Բրյուսելը Երեւանի հետ ավելի պատասխանատու հարաբերության, ռիսկեր վերցնելով նաեւ իր վրա, չթողնելով դրանք միայն Հայաստանի ուսին:

Իսկ դրանք կան, որովհետեւ, երբ Բրյուսելը ջերմագին ողջույններ է հայտնում Հայաստանում փոփոխությունների մասով, դրանով «սրում է Մոսկվայի ականջները», կամ նրանց, ովքեր նստած են Կրեմլի ականջին եւ փորձում են համոզել, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացրել է Արեւմուտքը՝ Հայաստանը տանելու համար:

Իսկ դա ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի նոր իշխանությունը ստիպված է անընդհատ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ հրդեհ թույլ չտալու համար, վատնելով ավելորդ ժամանակ ու ռեսուրս: Այլ կլիներ իրավիճակը, եթե Եվրամիությունը ռեսուրսային անհամեմատ ավելի մեծ աջակցություն ցուցաբերեր Հայաստանին, ինչը Երեւանին հնարավորություն կտար առավել հանգիստ խոսել նաեւ Մոսկվայի հետ, առավել հանգամանալից բացատրել, որ հայ-ռուսական հարաբերության խնդիրը շատ ավելի խորն է եւ որեւէ կապ չունի Հայաստան-Եվրոպա կամ Արեւմուտք հարաբերության հետ, ու հայ-ռուսական տիրույթում կան փոխադարձ շահեր, որոնք բացարձակապես փոխարինելի չեն Արեւմուտքում, եւ այդ տեսանկյունից Ռուսաստանի վախերը բացարձակապես իզուր են:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը Եվրամիության ղեկավարությանը պարզապես ասում է՝ եթե չեք օգնում Հայաստանի նոր իշխանությանը, ուրեմն ավելորդ ոգեւորություն հայտնելով մի խանգարեք այդ իշխանությանը առանցքային՝ հայ-ռուսական հարաբերության վերակառուցման գործում, որը հիմնարար նշանակություն ունեցող հարց է ոչ միայն հայ-ռուսական հարաբերության, ոչ միայն Հայաստանի վերափոխման, այլ նաեւ միջազգային անվտանգության եւ ռեգիոնալ ժողովրդավարության համար, որի լոկոմոտիվը ներկայում Հայաստանն է:

աղբյուր

Like this post? Please share to your friends: