Ո՞վ է մատնել Հովիկ Աբրահամյանին

ԱԱԾ աշխատակիցները օգոստոսի 6-ին ու 7-ին խուզարկություն են արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում եւ հայտնաբերել մեծ քանակության զենք ու զինամթերք:

 

Այդ զենքի մասով իրավապահները ստուգում են մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դրա կիրառման հավանականությունը:

 

ՀՔԾ պետն իր հարցազրույցում խոսել էր այն մասին, որ 10 սպանությունները բացահայտելու համար անհրաժեշտ է գտնել զենքը եւ չիդենտիֆիկացված փամփուշտների «պատկանելությունը»: Ենթադրվում է, որ դա պետք է լիներ «մաքուր» զենք, այսինքն՝ ոչ մի տեղ, կամ համենայնդեպս ուժային կառույցներում չգրանցված: Գտածոն իսկապես տպավորիչ է, հատկապես գնդացիրների ու դիպուկահար հրացանների մասով, եւ կբավականացնի մի զինված ստորաբաժանման: Ի՞նչ էր անում այդքան զենքը Հովիկ Աբրահամյանը:

 

 

 

Նա եւ իր գերդաստանը ոչ միայն չեն մասնակցել Արցախյան պատերազմին, այլեւ պատկանում են այն մարդկանց թվին, ովքեր ձեռքերը տաքացրել են այդ պատերազմի վրա՝ թիկունքում, իրենցով անելով Արարատի մարզի քիչ թե շատ արժեքավոր օբյեկտները: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ սկսել է իր պետական գլխապտույտ կարիերան, Արարատի մարզից մինչեւ պետական ամենաբարձր պաշտոններ ու քրեա-օլիգարխիկ համակարգի առանցքային ներկայացուցիչ: Նա դարձավ համակարգի «համատեղ հանցանքի» պայմանի ու համակարգային մի քանի սարսափելի գաղտնիքների կրողը, եւ անակնկալ չի լինի, եթե պարզվի, որ նրան էր ի պահ տրվել մարտի 1-ի զենքը:

 

 

 

Նա մի քանի անգամ գլխավորել է ՀՀԿ նախընտրական շտաբները նախագահի ու ԱԺ ընտրություններում, որոնք ավարտվել են ՀՀԿ բացարձակ հաղթանակով, այսինքն՝ Սահմանադրական կարգի պերմանենտ տապալման առաջին գծում էր: Հետո նա հեռացվեց համակարգից, բավական մեծ աղմուկով ու փոխադարձ կշտամբանքներով:

 

 

ԱԱԾ-ն ձերբակալել է նրա եղբորը, եւ սա ուշագրավ հանգամանք է: Ընդհանրապես, իրավապահների գործողությունները մարտի 1-ի գործով սկսում են ուրվագծել բավական հետաքրքիր սխեմա, որն առանձին խոսակցության թեմա է: Ի՞նչ կպարզեն իրավապահները գտնված զենքի մասով, ո՞վ է մատնել Հովիկ Աբրահամյանին:

 

 

 

Թե՞ տեղի է ունեցել հակառակը, եւ Հովիկ Աբրահամյանն է «օգնում» իրավապահներին, ինքզինքը փրկելու եւ համակարգից իր վրեժը լուծելու համար:

newstime.am

Like this post? Please share to your friends: