Պարույր Հայրիկյան. «Թող Փաշինյանը ներողություն խնդրի, ես էլ ներողություն կխնդրեմ»

Թեև Նիկոլ Փաշինյանը փորձում է խորհրդարանի լուծարմանը հասնել քաղաքական երկխոսությունների ճանապարհով, սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակում է պնդել, որ վարչապետն իրավունք չունի Սահմանադրությունը խախտելու ճանապարհով հասնել խորհրդարանի լուծարմանը: Ավելին, ԱԻՄ առաջնորդն արդեն մի քանի ամիս է՝ ամեն կերպ փորձում է նոր իշխանության ղեկավարին «հասկացնել», որ խորհրդարանի լուծարումից առաջ երկրում սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, որով էլ կչեզոքավեն խորհրդարանը ցրելու այն ռիսկերը, որոնք այսօր կան:

«Խորհրդարանի լուծարման ճանապարհը դեռևս հստակ չէ, և ինքն էլ չգիտի, թե ինչ ճանապարհով է դա արվելու: Միակ բանը, որի մասին նա խոսում է՝ խորհրդարանը շուտափույթ կերպով արձակելն է: Բայց շուտափույթ արձակելու և նոր ընտրություններ կազմակերպելու հարցն անգամ ուրվագծված չէ: Այսօր (01.10.2018թ.) ես զանգահարել եմ, որ իր հետ հանդիպեմ, որովհետև մեր տված դիմումի ժամկետն արդեն լրացել է, և դրան պետք է պատասխանել: Հակառակ դեպքում Սահմանադրության խախտում է թույլ տրվելու, ինչը Նիկոլին պատիվ չի բերում: Բայց քանի որ ես ուզում եմ ռեալ գործով զբաղվել, ուստի ուզում եմ իրեն բացատրել, որ խորհրդարանը լուծարելու, նաև բարեփոխումներ և արմատական փոփոխություններ իրականացնելու ամենաարդյունավետ ճանապարհը դա է: Շատ մարդիկ չեն հավատում, որ ինքն անկեղծ է քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարի հարցում, ոմանք էլ ասում են, որ ինքն անգամ չի էլ հասկանում, թե ինչ է ասում: Բայց ես այդ կարծիքին չեմ և մինչև վերջ պետք է գնամ պարզելու համար, թե ինչ է նա մտածում: Եվ կարծում եմ, որ մեր խոսակցությունն արդյունավետ կլինի»,– ասաց Պ. Հայրիկյանը:
Եթե, այնուամենայնիվ, չհաջողվի հանդիպել վարչապետի հետ, ապա Հայրիկյանը հոկտեմբերի 3–ին, ժամը 3–ին կառավարության շենքի դիմացից կտեղեկացնի կառավարությանը, թե ո՞ւր են հասել և ի՞նչ են պատրաստվում անել: Հայրիկյանը ցանկանում է նաև վարչապետին այլ կարևոր նրբություններ էլ բացարտել: Օրինակ՝ Հայրիկյանի համար պարզ չէ, թե ինչպես է պատահում, երբ քաղաքական հակառակորդի համաձայնությամբ իշխանության մի ճյուղը վերցնելուց հետո ցանկություն են հայտնում նաև վերցնել իշխանության մյուս ճյուղը: Եվ այդ ընթացքում, եթե որևէ լուրջ հակադրության չեն հանդիպում, այդ դեպքում պարզ չի դառնում, թե արդյո՞ք այս պայքարը միայն իշխանությունը վերցնելու համար չէր:
«Եթե լիներ առաջադրված ծրագիր, որին պառլամենտը կարող էր խոչընդոտել, ես կհասկանայի: Բայց հարց է ծագում, թե ի՞նչ ծրագիր է ինքն առաջարկել, որին պառլամենտը դեմ է եղել, որի պատճառով էլ ստիպված է այն լուծարել: Եթե Սահմանադրության ճանապարհով է ցանկանում խորհրդարանը լուծարել, ապա պետք է ասի, որ բոլորս հեռանում ենք և սկսում ենք ժողովրդավարական ճանապարհով երկիրը զարգացնել: Ես կուզեի, որ ինքը դա հասկանար, և չեմ ուզում, որ հերթական իշխանատենչը մնա մեր պատմության մեջ»,– ասաց Պ. Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը, խոսելով անկախության տոնին իրեն չհրավիրելու միջադեպի մասին, նշեց, որ իրեն անուղղակի ձևով տեղեկացրել են, թե այդ թյուրիմացությունն, իբրև, աշխատողների սխալմունքի պատճառով է տեղի ունեցել:

«Եթե սխալմունքի հետևանք է եղել, թող հայտարարի, մի հատ էլ ներողություն խնդրի: Ես էլ ներողություն կխնդրեմ, որ այդ օրն ասել եմ՝ երևի ցնդել է, դրա համար էլ չի հրավիրել»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով, եթե առանց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ապա ԱԻՄ–ն ու այլ ուժեր դաշինք կձևավորեն: Ինչ վերաբերում է նոր կուսակցությունների ստեղծմանը, ապա Հայրիկյանը դրան զարմանքով է հետևում:

«Դրանք ինչ–որ կայացման փորձեր են, ինչ–որ ինքնադրսևորման փորձեր են՝ հասկանալի չէ: Եվ եթե մարդիկ բարձր գաղափարների են նվիրված, ուզում են գործ անել, ապա կարող են այս կամ այն կուսակցությանն անդամագրվել, ինչպես ժամանակին իմ ղեկավարած երիտասարդական խումբը անդամագրվեց ԱՄԿ–ին: Կուսակցաստեղծման ճիգերի մեջ ես մի քիչ անառողջ բաներ եմ տեսնում, հատկապես նրանց կողմից, ովքեր նախկինում փրփրակալած ասում էին՝ կուսակցությո՞ւնը որն է: Ամեն դեպքում, եթե խորհրդարանի լուծարումն առանց Սահմանադրության փոփոխության իրականացվի, ապա մենք կգնանք ժողովրդավարական դաշինքի ստեղծման ճանապարհով»,– խոսքը եզրափակեց Պ. Հայրիկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Like this post? Please share to your friends: