«Վենդետտա» եղավ. Ծառուկյանը բռնագանձեց «պարտքը»

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը, որքան էլ տարօրինակ չհնչի, աչքի ընկավ ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ, այլ Ծառուկյան դաշինքի ու ՀՀԿ սուր դիմակայությամբ, կոշտ արտահայտություններով: Իհարկե դժվար է ասել, թե արդյո՞ք ամեն ինչ կստանար այդօրինակ բնույթ, եթե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում չանդրադառնար կառավարության մաս կազմած Ծառուկյան դաշինքին:

Բայց, փաստացի կայծն էլ բավական էր, որ դաշինքը անցնի գրոհի եւ հուժկու հարված հասցնի ՀՀԿ-ին, առանց սիրո եւ համերաշխության:

Եթե լուրջ, ապա Ծառուկյան դաշինքը օգտագործեց առիթը ՀՀԿ հանդեպ քաղաքական «վենդետտա» իրականացնելու համար: Իսկ այդ «վենդետտայի» պատճառը այն տասնամյակն էր, որ ապրել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որ ներկայումս փաստացի Ծառուկյան դաշինքն է, քանի որ առանցքում իհարկե Գագիկ Ծառուկյանն է, տասը տարի կամա, թե ակամա եղել է ՀՀԿ բացարձակ իշխանության բուֆերը, թեեւ ԲՀԿ-ն ստեղծվել էր թերեւս բոլորովին այլ նպատակի համար:

Բարգավաճ Հայաստանն իր ստեղծման պահին լայն ժողովրդականությամբ պետք է դառնար Հայաստանում իշխող «էլիտայի» թե դիմագծի, թե բնույթի, եւ իհարկե նաեւ ստատուս-քվոյի փոփոխության առանցքային միջոցը, միաժամանակ թերեւս դառնալով Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական վարչապետության հենարանը՝ Վարդան Օսկանյանի նախագահության պայմաններում:

Սակայն, 400 հազար անդամ ունեցող եւ այդ ժամանակահատվածում  ընդդիմադիր դաշտի լիակատար փլուզվածության պայմաններում գրեթե համընդհանուր ժողովրդականություն վայելող ուժը խորհրդարանի ընտրությանը պաշտոնապես ստացավ ընդամենը 200 հազար ձայն, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իրեն ոչ բնորոշ խոնարհությամբ այցելեց ՀՀԿ գրասենյակ եւ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին շնորհավորեց խորհրդարանում առաջին բացարձակ մեծամասնության առիթով:

Տասը տարի ԲՀԿ-ն այդպիսով կամա, թե ակամա կատարեց բուֆերի, անվտանգության բարձիկի դեր, ըստ էության դառնալով երկբեվեռ համակարգի «մշտական երկրորդը»: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանն ավելի ու ավելի էր բարձրացնում ՀՀԿ բացարձակ իշխանության աստիճանը: Ծառուկյանը որոշեց վճռորոշ քալերի անցնել 2014-ին, սակայն չստացվեց, թեեւ 2015-ի փետրվարն իհարկե շատ ավելի բազմաշերտ գործընթաց էր, որտեղ փաստացի առաջին անգամ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվեցին առանց Ռոբերտ Քոչարյանի: Հետո Ծառուկյանը մի անգամ էլ օգնեց Սարգսյանին անցկացնել անաղմուկ ընտրություն:

2018-ին Ծառուկյանը որոշեց այլեւս չօգնել, օգտվելով առիթից, որ ժողովրդական ընդվզման պատասխանատուն ինքը չէր եւ Սերժ Սարգսյանը չէր կարող իրեն ներկայացնել պահանջներ: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանն էլ, Ծառուկյանն էլ հրաշալի հասկանում էին, որ հանրությունը չէր լսելու Ծառուկյանին, եթե նա անգամ աներ այլ բան, քան ժողովրդական շարժմանն աջակցելը:

Հանրապետական կուսակցությունը ներկայումս անարդար է համարում, որ ինքը լիակատար պարտվածի դերում է, իսկ համակարգային ուժ Ծառուկյանը բավականին հմտորեն տեղափոխվել է թավշյա հեղափոխության դաշտ եւ հաղթանակի «բաժնետեր» է: ՀՀԿ-ն դա արդար չի համարում:

Բայց իզուր: Որովհետեւ ՀՀԿ-ն բացարձակ իշխանության անաղմուկ տիրացել է Ծառուկյանի շնորհիվ: Իհարկե Ծառուկյանը դրանով ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւս ինքն իրեն է օգնել, սակայն խոշոր հաշվով ՀՀԿ-ն է պարտք Ծառուկյանին, քան հակառակը:

Կառավարության ծրագրի քննարկմանը Ծառուկյան դաշինքը փաստացի բռնագանձեց «պարտքի» մի մասը:

Շարունակությունը այստեղ

Like this post? Please share to your friends: