lragir.am-ը գրում է․
Մեր զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը
Պարոն Զորիկյան, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և արդեն որոշակիանում է՝ որ քաղաքական ուժերն են մասնակցելու։ Որքանո՞վ է, ըստ Ձեզ, քաղաքացին այսօր պատրաստ ծրագրերից ելնելով ընտրություն կատարել, թե դարձյալ անձերի շուրջ է պտտվում ամեն ինչ։
Ծրագրերն, անշուշտ, կարևոր են։ Ի վերջո, ծրագրերին ծանոթանալով պիտի հասկանանք, թե քաղաքական ուժերից որ մեկն ինչ խնդիր է հետապնդում։ Բայց կարևոր են նաև անձինք։ Ի վերջո, առաջադրված բոլոր անձինք ճանաչված մարդիկ են՝ իրենց անցած ուղով, հայացքներով, մարդկային որակով և նախկինում դրսևորած քաղաքացիական կեցվածքով։ Կարծում եմ, որ քաղաքացին, ընտրություն կատարելիս պիտի առաջնորդվի վստահելու սկզբունքով։ Ի վերջո, մենք այս կամ այն քաղաքական թիմին և նրա կողմից առաջադրած թեկնածուին պիտի վստահենք մեր քաղաքը՝ Երևանը։
Տեսակետ կա, որ բոլորը պատրաստվում են ԱԺ ընտրություններին, և Երևանի ավագանու ընտրությունները լինելու են նախաքաղաքական պայքարի փորձադաշտ: Համամի՞տ եք։
Եթե բացառենք ինչ-ինչ հարցերի շուրջ, քաղաքական ուժերի միջև նախապես ինչ-ինչ համաձայնություններ ձեռք բերելու գործընթացը, ապա կստացվի, որ նրանք խնդիրները պիտի լուծեն ըստ ժամանակացույցի՝ սկզբում քաղաքապետարան, հետո՝ ԱԺ։ Փորձադաշտ չէի ասի, բայց, անշուշտ, առաջիկա ընտրությունները նրանց համար փորձություն են, ինչի ընթացքում ժողովուրդը բոլորի մասին կարծիք է կազմելու։
Պարոն Զորիկյան, հակահեղափոխության վտանգ այսօր տեսնո՞ւմ եք, թե ոչ։ Մասնավորապես 45 ստորագրություններից հետո տեսակետներ էին հնչում, որ հակահեղափոխականները մոբիլիզացվում են։ Ի՞նչ կարող են նրանք անել։
Իհարկե, միշտ էլ կարող են դիմել, նույնիսկ մեր մտքով չանցած, կտրուկ, ահավոր քայլերի։ Ես դա չեմ բացառում։ Բայց նրանց խորհուրդ կտայի նման բան ծրագրելիս մտածեին հետևանքների մասին։ Այդ «ուժերը» պիտի հիշեն, որ այսօր այդ «կռիվը» լինելու է ոչ թե քաղաքական ուժերի կամ նրանց առաջնորդ անհատների միջև, այլ հակահեղափոխականությանը դիմողների և ժողովրդի միջև, փոխված իրավիճակում՝ համայն հայության և այսպես ասած մի քանի տասնյակ ընդվզողների միջև։ Կարծում եմ, որ ցանկացած նման գործողություն կանխավ դատապարտված է պարտության, ուստի այդ ուժերին խորհուրդ կտայի հիմք ընդունեին փոխված իրավիճակն ու օրինականության դաշտում զրոյից սկսեին կերտել նոր դիմագիծ։
Գնալո՞ւ եք հանրահավաք ամսի 17-ին, և ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ամփոփում 100 օրը։ Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են։