Երգիչ Համլետ Գևորգյանը` թավշյա հեղափոխության արդյունքում իր կայացրած կարևոր որոշման մասին

Տեւական ժամանակ է՝ ազգային, ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանն էկրաններին չի երեւում: Նա նաեւ խուսափում է տալ հարցազրուցներ, սակայն մեր դեպքում բացառություն է արել: Համլետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է իր «անհետանալու» պատճառին, խոսել է թավշյա հեղափոխության արդյունքում իր կայացրած կարեւոր որոշման եւ ներկայիս կառավարությանը վստահության քվե տալու մասին: Նա նշել է նաեւ, թե երգարվեստի ոլորտում ինչին պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի ներկայիս իշխանությունը:

-Համլե՛տ, հատկապես հեռուստադիտողներին հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք անհետացել էկրաններից: Նախկինում Ձեզ հաճախ էինք հանդիպում եթերում, հիմա՝ ոչ:

-Էկրաններին երեւալու համար պետք է առնվազն երկու ամիսը մեկ անգամ նոր տեսահոլովակ թողարկել, իսկ ես դրա հնարավորությունը չունեմ: Սա արդեն իսկ խոչընդոտ է: Ներդրումներ են պետք, որոնք, ի դեպ, իմ դեպքում մշտապես արդարացնում են իրենց, հնարավոր է լինում ետ բերել այդ գումարները: Ասեմ, որ ամեն դեպքում կենդանի կատարումներ ունենում եմ, համերգային ծրագրերով հանդես եմ գալիս սփյուռքի համար, մասնակցում եմ կոորպորատիվների եւ այլն:

-Հետեւու՞մ եք հայաստանյան ներքին քաղաքական կյանքին: Թավշյա հեղափոխությունից ի՞նչ տպավորություններ, ի՞նչ սպասելիքներ ունեք, դրանք արդարանո՞ւմ են:

-Իհարկե, հետեւում եմ մեր երկրում ծավալվող իրադարձություններին եւ մի ուշագրավ բան ասեմ: Նախքան հեղափոխությունը որոշել էի այս ամառ ընտանիքով մշտական բնակություն հաստատելու համար տեղափոխվել Մոսկվա, սակայն հեղափոխությունից հետո մտափոխվեցի եւ մնացի հայրենիքում, քանի որ իմ մեջ արթնացավ հույսը, որ Հայաստանում հնարավոր է ապագա ունենալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իմ զավակներին, որոնք շուտով կանգնելու են մասնագիտական ընտրության առաջ: Հիմա ես վստահ եմ, որ նրանց ապագան ապահովված է Հայաստանում:

-Այսինքն՝ վստահո՞ւմ եք ներկայիս կառավարությանը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

-Իհարկե, վստահում եմ եւ համոզված եմ, որ հիմա արդեն իմ, Ձեր գրպանին դիպչող չի լինի: Սա ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որն արդեն համարում եմ լուծված: Կառուպցիան աստիճանաբար կզիջի իր դիրքերը, արդեն նկատում եմ, որ խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումն էլ ակտուալ չէ: Շատ խնդիրներ հնարավոր է լուծել առանց զանգի: Ժողովրդի եւ իշխանության միջեւ հաստատված է պարզից էլ պարզ մի կապ: Նախկինում մենք կերազեինք ունենալ վարչապետ, որն անձամբ կմտներ շուկա, որպեսզի ծանոթանար մթերքների գներին: Եվ սա բնավ շոու չէ: Վարչապետն անձամբ մտահոգված է եւ տեղյակ է ոլորտի խնդիրներից, նրան չեն կարող այս կամ այն հարցում թյուրիմացաբար խաբել:

-Համլե՛տ, իսկ երգարվեստի ոլորտն ի՞նչ փոփոխությունների կարիք ունի: Այստեղ ինչի՞ն պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել:

-Երգարվեստում ինչ փոխվում է՝ փոխվում է, ինչ ոչ՝ ոչ: Ես կուզենամ ամեն բան իր տեղն ընկնի՝ բեմը մնա բեմ, քեֆը՝ քեֆ, ռեստորանը՝ ռեստորան: Կողմ եմ, որ ռեստորաններում հնչի 6/8, բայց այն չպետք է անընդհատ պրոպագանդվի եթերում: Հարկավոր է զարկ տալ ազգային, ժողովրդական երգի պրոպագանդմանը, եւ սա կարող է անել միայն պետականամետ իշխանությունը, իսկ այսօրվա իշխանությունն, ըստ իս, հենց այդպիսին է: Այն, ինչ վարչապետն անում է, հենց այդպիսի մոտեցման արդյունք է: Այնպես որ, հույսով սպասում ենք փոփոխությունների նաեւ այս ոլորտում: Աննա Բաբաջանյան

armlur.am

Like this post? Please share to your friends: